Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է

Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միշտ էլ աջակցել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հերթական գագաթնաժողովի կազմակերպման վրա:

«Այդ նպատակով 2017-ի հուլիսին համանախագահները Բրյուսելում բանակցություններ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Խորհրդակցությունները սեպտեմբերի երկրորդ կեսին կշարունակվեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստի շրջանակում: Դրանց արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով, ՌԴ-ն անում է հնարավորը՝ իրավիճակը կայունացնելու ու բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

«Հենց այդ մոտեցումն էր գերիշխում Մոսկվայում ապրիլինի կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է դարձվում, այն ՌԴ արտաքին քաղաքականության գերակայությունների թվում է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---