Grovf. Հայկական ստարտափը կօգնի բեռնաթափել տվյալների կենտրոնները և կրճատել սերվերների քանակը

Grovf. Հայկական ստարտափը կօգնի բեռնաթափել տվյալների կենտրոնները և կրճատել սերվերների քանակը

PanARMENIAN.Net - Անընդհատ թվայնացվող աշխարհում ավելի և ավելի մեծ քանակությամբ ինֆորմացիա է հավաքվում կազմակերպություններում։ Վերջիններս էլ, օգտագործելով մեծ տվյալները (big data) և արհեստական բանականության հնարավորությունները, կարճ ժամանակում ընդլայնում են սեփական բիզնեսը, օպտիմալացնում աշխատանքը, գտնում նոր բիզնես հնարավորություններ։

Չնայած սրան, տվյալների կենտրոններում (datacenter) պրոցեսորների հնարավորությունները խիստ սահմանափակ են, ինչը խնդիրներ է առաջացնում անընդհատ աճող տվյալները պահպանելու և վերլուծելու համար։

Վերջին 8 տարվա ընթացքում աշխարհում գեներացված տվյալները աճել են ավելի քան 15 անգամ, մինչդեռ տվյալների կենտրոններում պրոցեսորների արագությունը միջինում աճել է ընդհամենը 4 անգամ։ IBM-ի և Cisco-ի կանխատեսումների համաձայն, համացանցին միացված խելացի սարքերի թիվը 3 տարում (2020 թ․ -ին) կաճի 8 անգամ՝ հասնելով 50 մլրդ-ի։

Այսօրվա բարձր կատարողականությամբ հաշվողական համակարգերը կարող են զգալիորեն շահել, եթե հիմնական բարդ ալգորիթմները իրականացվեն այլընտրանքային հաշվողական միավորների վրա, որոնցից են GPU –ները և FPGA –ները։ Այս միավորների վրա ապարատային արագացումը (hardware acceleration) հանգեցնում է արագագործության հսկայական աճի և կտրուկ նվազեցնում է լուծման և հետագա սպասարկման գինը։

Հայկական ստարտափ Grovf-ի պրոդուկտն իրենից ներկայացնում է IIoT –գեներացված տվյալների պահպանման և մշակման ապարատային արագացում FPGA –ների հիման վրա, որը մինչև 20 անգամ բեռնաթափում է տվյալների կենտրոնները և 100 անգամ կրճատում սարքի պատասխանի ժամանակը։ Ընկերության տնօրեն Խաչիկ Սահակյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ Grovf-ի լուծումն անգամ թույլ է տալիս կրճատել սերվերների քանակը տվյալների կենտրոններում և խնայել այնքան թանկ տարածք և էլեկտրաէներգիա։

Տվյալների բազաների շուկայի չափն այժմ մոտ $110 մլրդ է։ Հայկական ստարտափը թիրախավորում է NoSQL տիպի բազաները, որի շուկայի չափը դեռ համեմատաբար փոքր է ($10 մլրդ), սակայն ունի կտրուկ աճի պոտենցիալ ($30 մլրդ 2020 թ․ -ին), որի «մեղավորը» IoT –ն է։

Շուկայում, իհարկե, կան արդեն կայացած կազմակերպություններ և ստարտափեր, որոնք ունեն բավականին արագագործ լուծումներ։ Grovf-ի առավելությունն այն է, որ վերցրել է լրիվ այլ, այլընտրանքային ուղղություն. պրոցեսորի վրա ծրագրային ապահովման օպտիմիզացիայի փոխարեն պրոցեսորների համար դանդաղ ալգորիթմները տեղափոխում է ապարատային մակարդակ և կտրուկ արագացնում դրանք։ Այս մոտեցումն աշխարհում նորություն չէ։ Համաշխարհային հսկաներ Google –ը և Amazon –ը, Cisco -ն արհեստական բանականության և ցանցային հաշվարկների համար արդեն ունեն լուծումներ ապարատային մակարդակում։

Grovf-ը հիմնադրվել է 2017թ․ -ի փետրվարին և սկզբնական շրջանում աջակցություն է ստացել Հայաստանի Ազգային Ճարտարագիտական Լաբորատորիաների (ANEL) և IBM ISTC –ի կողմից։ Այժմ ստարտափի հեղինակները համագործակցում են ամերիկյան National Instruments կազմակերպության հետ՝ օգտագործելով նրանց ապարատային լուծումները ալգորիթմները նախագծելու և թեսթավորելու համար։ Եվրոպայում արդեն կան բազմամիլիարդանոց կազմակերպություններ, որոնք պատրաստ են վճարել հայկական սարքով իրենց տվյալների կենտրոնները արագացնելու համար։

Grovf-ը մեկն է հայկական 15 նորարարական ստարտափերից, որոնք Բեռլինում ներկայացվել են գերմանական լսարանին: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Ճանապարհորդության ընթացքում Grovf-ը ձեռք է բերել նոր բիզնես կապեր, նախնական համաձայնություններ, ինչպես նաև հետաքրքություն առաջացրել գերմանական տեխնիկական մամուլում և նեղ բիզնես շրջանակներում։ Արդյունքում կապեր են հաստատվել գերմանական հսկաներ SAP –ի և Siemens Mindshare –ի ներկայացուցիչների հետ այս կազմակերպությունների կողմից սարքի հնարավոր օգտագործման մանրամասները քննարկելու համար և ևս երկու դիստրիբյուտոր կազմակերպությունների հետ՝ սարքը Գերմանական շուկայում վերավաճառելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---