Doing Business-ում մի քանի կետով ՀՀ դիրքի բարելավում է ակնկալվում

Doing Business-ում մի քանի կետով ՀՀ դիրքի բարելավում է ակնկալվում

PanARMENIAN.Net - Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:

Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 22-ը: Մնացած 27-ը գտնվում են ընթացքի մեջ, և նախատեսվում է դրանք ավարտին հասցնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ մինչ նոյեմբերի վերջ: Ըստ զեկուցողների՝ ակնկալվում է, որ 2017-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցում Հայաստանն իր դիրքը կբարելավի մի քանի կետով:

Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:

Միջոցառումներն իրականացվում են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է ակտիվ աշխատել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակով, ինչպես նաև հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ՝ վերջիններիս մտահոգող հարցերը, առաջարկությունները քննարկելու և խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է բիզնես միջավայրի բարելավման հարցերը պարբերաբար քննարկելու նպատակով ստեղծել կանոնավոր գործող հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանն առաջ է ՌԴ-ից (40), Մոլդովայից (44), Ադրբեջանից (65), Ղրղզստանից (75), Ուկրաինայից (80), Ուզբեկստանից (87) և Տաջիկստանից (128):

Doing Business հետազոտությունը գնահատում է ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունը հետևյալ ցուցանիշների վրա հիմնվելով` ձեռնարկությունների գրանցման պարզություն, շինարարության թույլտվության ստացում, միացում էլեկտրացանցերին, վարկերի ստացում, մինորիտար ներդրողների իրավունքների պաշտպանություն, հարկերի վճարում, միջազգային առևտուր, պայմանագրերի կատարման ապահովում, սնանկության մասին որոշում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---