2018-ին մոտ 50 պետության ղեկավար կժամանի Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

2018-ին մոտ 50 պետության ղեկավար կժամանի Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - 2018-ին մոտ 50 պետության ղեկավարներ կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցությունում, որը նվիրված էր 2018 թվականին Հայաստանում կայանալիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքի քննարկմանը:

Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ:

Խորհրդակցության սկզբում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,-ասել է Հանրապետության նախագահը:

Երևանում 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների և դրանց վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը:

Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

Նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված բոլոր առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով և ֆինանսական հստակ հաշվարկներով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի կողմից տրվել են նաև կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հանձնարարականներ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---