Գերփոքր գործարարները կկարողանան ենթականերին ավելի շատ աշխատեցնել և ամեն պահի ազատել աշխատանքից

Գերփոքր գործարարները կկարողանան ենթականերին ավելի շատ աշխատեցնել և  ամեն պահի ազատել աշխատանքից

PanARMENIAN.Net - Լրամշակումների փուլում գտնվող Աշխատանքային նոր օրենսգիրքը մի շարք վտանգներ ունի փոքր գործատուների մոտ աշխատողների համար:

Օրենքի նախագծում ընդգրկված «գերփոքր ձեռնարկատիրություններ» գործատուի նոր կարգավիճակը թույլ կտա փոքր գործատուներին չընդունել ներքին իրավական ակտեր: Նախագծի համաձայն՝ գերփոքր են համարվում այն ձեռնարկությունները, որտեղ աշխատողների միջին թիվը 6 ամսվա կտրվածքով չի գերազանցում 5-ը:

Առաջարկվող նախագծով գործատուի և աշխատողի փոխհարաբերություններում մի շարք կարևոր կետեր այլևս կկարգավորվեն ոչ թե իրավական ակտերով, այլ վերջիններիս փոխհամաձայնեցմամբ: Հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ օրենսդրական այս նախագիծը գերփոքր գործատուներին աշխատողների նկատմամբ կամայականություններ իրականացնելու բարենպաստ միջավայր կստեղծի:

Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ արտաժամյա աշխատանքները կարող են լինել գործատուի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ: Այլ կերպ ասած, եթե դուք աշխատում եք, օրինակ, պոնչիկ արտադրող գերփոքր ձեռնարկատիրությունում, ձեր գործատուն յուրաքանչյուր պահի կարող է պահանջել ձեզնից մի քանի ժամ կամ նույնիսկ գիշերը մնալ աշխատելու: Ավելին՝ արտաժամյա և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար տրվող հավելավճարի չափը նույնպես կախված կլինի գործատուի կամքից: Իսկ եթե գործի ընդունվելուց գործատուն համոզի ձեզ պայմանավորվել, որ աշխատանքի ազատելու մասին պիտի զգուշացնի, դիցուք, մեկ օր շուտ, արդեն հաջորդ օրը դուք կարող եք զրկվել աշխատանքից։

Գործատուն և աշխատողն են սահմանում նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի տևողությունը, ինչը պետք է ամրագրվի նաև աշխատանքային պայմանգրում: Եվ եթե դուք դեռ աշխատում եք նույն պոնչիկի արտադրամասում, գործատուն կարող է կրճատել ձեր ամենամյա արձակուրդի տևողությունն այնքան, որքան կկամենա:

Նախագծում ասվում է նաև, որ գործատուն ինքը կորոշի, թե որոշակի ժամկետով կամ անժամկետ կնքված աշխատանքային պայմանագիրը երբ կլուծարվի: Ստացվում է, որ պոնչիկի արտադրամասում, մի գեղեցիկ աշխատանքային օր գործատուն կարող է հայտնել ձեզ հաջորդ օրն այլևս գործի չգալու մասին:

2016 թվականին Հայաստանում գերփոքր ձեռնարկատիրությունների թիվը կազմել է 71․606, այստեղ աշխատողների թիվը՝ 101.584:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---