Քոչարյան. ԼՂ խնդրի կողմերի միջև վստահություն իսպառ չկա

Քոչարյան. ԼՂ խնդրի կողմերի միջև վստահություն իսպառ չկա

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտն իսպառ բացակայում է, ուստի այս փուլում դժվար է խոսել բանակցությունների առաջընթացի մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարիների հանդիպմանը:

«Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փոխնարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծել է, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը:

«Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի նվազի այդ լարվածության մակարդակը», - հավելել է նա:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Մամեդյարովի և Նալբանդյանի հավանական հանդիպման հստակ օրվա և տեղի մասին ԱԳՆ-ն այս պահին չի կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով միայն, որ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին:

Պատասխանելով այն հարցին թե հնարավոր է, որ ԱԳ նախարարնեի հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում՝ Քոչարյանն ասել է. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը անդրադարձել էր այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---