Հայաստանը Կոսովոն նախադեպ չի համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը չի սրի հայ-ռուսական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: «Չեմ կարծում, որ մենք խելացի կվարվենք, եթե սրենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ նրանք բավական երկար պատմություն ունեն, վառ ներկա, եւ ես խորապես վստահ եմ, փայլուն ապագա: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դավաճանի իր շահերին միայն այն պատճառով, որ մեր ընկերները կարող են տխրել»,- ասել է Հայաստանի վարչապետը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչման հարցը դեռեւս պետք է լրջորեն հետազոտել եւ քննարկել: «Մենք չպետք է Կոսովոն նախադեպ համարենք մեր համար այն համատեքստում, որ Ղարաբաղի հարցը էականորեն տարբերվում է մյուս հակամարտություններից: Ղարաբաղը անկախություն է ստացել այն ժամանակ գործող խորհրդային օրենքներով»,- ասել է Սարգսյանը, հավելելով, որ իրավական տեսանկյունից, Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է մյուսներից, եւ Հայաստանը իրավունք չունի այն հավասարեցնել կամ խառնել այլ հակամարտությունների հետ:



«Մենք Կոսովոն նախադեպ չենք համարում այն տեսանկյունից, որ մոտ ապագայում մենք չենք պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը միշտ եղել է ժողովուրդների ինքնորոշման կողմնակիցը եւ այդ տեսանկյունից հայկական կողմը ողջունում է Կոսովոյի անկախության հարցը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---