Լիբանանի նախագահը քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին. Նա այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Լիբանանի նախագահը քաջածանոթ է հայոց  պատմությանը և մշակույթին. Նա այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի:

Հանդիպմանը Վեհափառը հույս է հայտնել, որ նախագահ Միշել Աունի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման և երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ընդլայնման տեսանկյունից:

Ամենայն Հայոց կաթողիկոսը հաստատել է, որ հայ ժողովրդի հանդեպ եղբայրական սիրո և բարյացակամության արտահայտությունն արաբ ժողովրդի հյուրընկալ ոգին էր, որի շնորհիվ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներն ապաստան գտան Լիբանանի օրհնյալ երկրում։ Նա հավելել է, որ դրա վկայությունը Լիբանանի աշխույժ հայ համայնքի առկայությունն է, որը Սփյուռքի ամենաավանդական և կազմակերպված համայնքներից է և վայելում է երկրի իշխանությունների հարգանքն ու հոգածու վերաբերմունքը։

Հայ-լիբանանյան կապերի զորացման գործում կաթողիկոսը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Լիբանանում են գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաև Հայ Կաթողիկե պատրիարքությունը։

Իր հերթին նախագահ Աունը հույս է հայտնել, որ իր այցը բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախագահը հավելել է, որ ինքը քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի:

Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ Միշել Աունը գնահատանքով նշել է, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:

Վերջում կաթողիկոսը նախագահ Միշել Աունին արգասաբեր առաքելություն է մաղթել Հայաստանում` ի նպաստ հայ-լիբանանյան կապերի առավել սերտացման և արդյունավորման: Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև խաղաղ ու բարօր կյանքի իր բարեմաղթանքներ է հղել Լիբանանի բարեսեր ժողովրդին, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Լիբանանի պաշտոնատար անձանցից առաջին անգամ Հայաստան է ժամանել խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին՝ 1997 թվականին: Նույն և հաջորդ տարիներին պաշտոնական և աշխատանքային այցերով Հայաստան է ժամանել Լիբանանի հայտնի վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է եկել նաև 2004 թվականին:

2001 թվականին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը: Լիբանանի նախագահներից նաև Միշել Սլեյմանն է Հայաստան ժամանել (2011 թվական, պաշտոնական այց):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---