Լապշինը կարծում է՝ զբոսաշրջիկներին ՀՀ-ից վանում են թանկ ավիատոմսերն ու հյուրանոցները

Լապշինը կարծում է՝ զբոսաշրջիկներին ՀՀ-ից վանում են թանկ ավիատոմսերն ու հյուրանոցները

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած և Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անտրամաբանական է համարում ավիատոմսերի և հյուրանոցների գները Հայաստանում: Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ համեմատելով ավիատոմսերի գները Երևանից Փարիզ և Թբիլիսիից ու Քութայիսից Փարիզ:

Նա ևս մեկ օրինակ է բերում, քանի որ մտադիր է առաջիկայում Հայաստան այցելել: «Մեկ շաբաթից Իսրայելից Երևան եմ մեկնելու: Մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն գինը 180 եվրո է: Մինչդեռ Թբիլիսի՝ 86 եվրո»,-ասվում է գրառման մեջ:

Լապշինը մասնակցելու է ապրիլի 20-22-ը Երևանում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին:

Որպես ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը խանգարող մեկ այլ հանգամանք Լապշինը նշում է հյուրանոցների գները: «Ինչո՞ւ Երևանում հնարավոր չէ օրը 50 եվրոյից պակաս գնով հյուրանոց գտնել: Խոսքս միջին կարգի հյուրանոցի մասին է, առանց ճոխության, բայց մաքուր: Գիտեմ, որ կան ավելի էժան տարբերակներ, բայց ընտանիքի հետ այնտեղ չես ցանկանա մնալ: Ես Լոնդոնում գրեթե 50 եվրոյով ապրել եմ քաղաքի կենտրոնում: Դա նշանակում է, որ հյուրանոցները քիչ են: Պահանջարկ կա, իսկ առաջարկը քիչ է: Հարկավոր է նոր հյուրանոցներ բացել:

«Բաթումում բնակարան ունեմ, որտեղ երբեմն ժամանակ եմ անցկացնում, երբ ազատ եմ լինում: Ինձ հաճախ այցելում են ընկերներս տարբեր երկրներից և հարցնում են, թե էլ ինչ կարելի է տեսնել Վրաստանի հարևանությամբ: Ես միշտ Հայաստանն եմ խորհուրդ տալիս, բայց նրանք ընտրում են Թուրքիան: Եվ ոչ այն պատճառով, որ Բաթումից Թուրքիա ավտոբուսով 20 րոպեում կարելի է հասնել, այլ որովհետև Թուրքիայում մեքենա վարձակալելու համար 20 եվրո կպահանջվի (ՀՀ-ում՝ 40-50 եվրո), հյուրանոցներն էլ ամեն քայլափոխին են ու էժան: Իսկ հետաքրքիր Հայաստանը մնում է անտեսված: Դա սխալ է»,-գրել է բլոգերը:

Լապշինը նշել է, որ Հայաստանն իր հսկայական զբոսաշրջային ներուժով կարող էր միլիոնավոր զբոսաշրջիկների ընդունել և միլիարդավոր դոլարներ վաստակել, որոնք այդքան անհրաժեշտ են տնտեսությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---