Իջևանում ցուցարարները մայրուղի են փակվել (Թարմացվող)

Իջևանում ցուցարարները մայրուղի են փակվել  (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։

Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը մինչև ժամը 12։00-ն․ այդ ժամին խորհրդարանը քվեարկությամբ ընտրելու է վարչապետին։

11:36 Իջևան քաղաքում Սերժ Սարգսյանի դեմ պայքարող ցուցարարները մայրուղի են փակել:

11:24 «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ մետաղաորսիչ սարք է տեղադրվել:

11:05 Ցուցարարների և ոստիկանների կուտակումներ են նաև Պռոշյանից Բաղրամյան տանող հատվածում: Այստեղ զրահապատ փոխադրիչներ և ջրցան մեքենաներ են նկատվել:

10:52 ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ պատգամավորների մեծ մասն այս պահին Աժ-ում է: Ըստ նրա, պատգամավորները հավանաբար գիշերն են մուտք գործել խորհրդարան: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում հարթ չպետք է անցնի, և ինքը հենց այդ նպատակով է մասնակցում նիստին:

«Եթե ԱԺ նիստ է գումարվում, ու մենք չենք մասնակցում, ապա թույլ ենք տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրվի՝ առանց իր դեմ ուղղված խոսքի, առանց որևէ ասելիքի, որը բխում է քաղաքացիների սրտից», - ասել է ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

10:40Լարված իրավիճակ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Ցուցարարները փորձում են նստացույց սկսել:

10։02 Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով բաժանմունքներ է բերվել 29 քաղաքացի։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

09։37 ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերն անցկացնելու համար ՀՀ ԶՈւ որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր։ Հիշեցնենք, երեկ սոցցանցերում որոշակի խուճապային տրամադրություններ էին տարածվել Խաղաղապահ բրիգադի տեղաշարժման ու 2-րդ աշխարհամարտի օրոք արտադրված ԻՍ-3 տանկը Սարդարապատ տեղափոխելու ժամանակ։

09:32 Այսպիսով, այս պահի դրությամբ քաղաքում երթևեկությունը բավականին պասիվ է։ Ընդդիմությունը, տեղաշարժվելով քաղաքի կենտրոնական փողոցներով, պարբերաբար փակում է դրանք, այնուհետև շարունակում երթը։ Վաղ առավոտյան Վալերի Օսիպյանը փորձել է Փաշինյանին հանձնել հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշմնան պատճենը, սակայն Փաշինյանը պատռել է այն։ Իսահակյանի արձանի մերձակայքից բերման են ենթարկվել բողոքող ուսանողներ։ Գիշերը փոքր ընդհարում է եղել Հաղթանակի կամուրջի մերձակայքում՝ Աթենքի փողոցում․ ոստիկանները թույլ չեն տվել փակել այն։ Վաղ առավոտյան էլ ոստիկանները մի քանի մարդ են բերման ենթարկել Թումանյան-Մաշտոց խաչմերուկից։

08:56 Փաշինյանը հայտարարել է, որ փակված է Հրազդանի կիրճը՝ Հալաբյան փողոցի ուղղությամբ

08:51 Ցուցարարները՝ հասնելով Աբովյան-Կորյուն խաչմերուկ, թեքվեցին Կորյունի փողոցով և, հասնելով Տերյան, թեքվեցին դեպի Իսահակյան

08։37 Աբովյան փողոցում՝ ՍԱՍ սուպերմարկետի մերձակայքում, ցուցարարները փորձում են մեքենաներից խցանում ստեղծել։

08:33 Բաղրամյան պողոտան երեկվանից փակ է թե Սահմանադրական դատարանի հատվածից, թե Պռոշյանի խաչմերուկից։

08:28 Նիկոլ Փաշինյանը փակում է Աբովյան փողոցը: ցուցարարները նստացույց են սկսում:

08:25 Փաշինյանը նշում է, որ ժողովուրդը պետք է շրջափակի բոլոր պետական կառույցները

08:21 Առավոտյան ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց է տեղի ունեցել Թումանյան-Մաշտոց խաչմերուկում, մի քանի ցուցարար տարվել է ոստիկանություն։

08:20 Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը փորձեց Փաշինյանին փոխանցել ակցինաները դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը, սակայն պատգամավորը պատռեց այն։

08:08 Գիշերը ոստիկանությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ «նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---