Մայր օրենքն ու Փաշինյանի ճանապարհային քարտեզը. Ինչպես ու երբ պետք է իրականացվի իշխանափոխություն

Մայր օրենքն ու Փաշինյանի ճանապարհային քարտեզը. Ինչպես ու երբ պետք է իրականացվի իշխանափոխություն

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքի ընթացքում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ընդդիմության իշխանափոխության ճանապարհային քարտեզը:

Դրա առաջին կետը կատարվեց ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Ճանապարհային քարտեզի երկրորդ կետի համաձայն՝ ԱԺ-ը պետք է վարչապետ ընտրի ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Երրորդ կետի համաձայն՝ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, չորրորդ կետով՝ անմիջապես օրենսդրական երաշխիքներ են ստեղծվում առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, իսկ վերջին կետով՝ անցկացվում են այդ արտահերթ ընտրությունները:

Ըստ ՀՀ Սահմանադրության, ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը՝ երկու դեպքում.

ա/ ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով՝ վարչապետ չընտրվելու դեպքում ԱԺ-ն յոթ օր անց նշանակում է նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ դարձյալ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով (պետական որևէ ֆիգուր ֆորմալ առումով չի կարող ԱԺ-ն լուծարելու որոշում կայացնել), և նշանակվում են խորհրդարանական ընտրություններ: Դրանք պետք է անցկացվեն արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

բ/ 151-րդ հոդվածի 3, 4 կետերով՝ եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և սահմանադրության համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ եթե գործող իշխանությունները կատարեն ճանապարհային քարտեզի երկրորդ կետը և նշանակեն ժողովրդի թեկնածուին (իսկ ժողովրդի ամենահավանական թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է) վարչապետի պաշտոնում, ապա գործադիր մարմինը կանցնի ընդդիմության ձեռքը: Սահմանադրությամբ նրանք՝ որպես նոր կառավարություն, պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը ԱԺ: Այստեղ ևս երկու տարբերակ կա՝

ա/ ԱԺ-ն, որի մեծամասնությունը ՀՀԿ-ն է, Փաշինյանի պլանի համաձայն, մերժում է նոր ձևավորված կառավարության ծրագիրը, ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվում է․ ՀՀԿ-ն երկրորդ անգամ ստիպված կլինի պայքարել ընտրություններում՝ խորհրդարանական մեծամասնություն դառնալու ակնկալիքով:

Նշված գործողությունների համար վերջժամկետները հետևյալն են․

30.04 - վարչապետի թեկնածուի ներկայացում

01․05 - քվեարկություն ԱԺ-ում

16․05 - նոր կառավարության ձևավորում

05․06 - ծրագիր ներկայացնելու վերջնաժամկետ

05․07 - 21։07 - նոր խորհրդարանական ընտրություններ

Եթե քաղաքական ուժերը չձգձգեն նշված գործընթացները մինչև վերջնաժամկետներ, ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ։

բ/ ԱԺ-ն, որի մեծամասնությունը ՀՀԿ-ն է կազմում, ընդունում է այդ ծարգիրը, և Հայաստանի օրենսդիր մարմինը շարունակում է մնալ հանրապետականներին, իսկ գործադիրը՝ Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (հնարավոր է՝ նախարարական պորտֆելներ հասնեն նաև ԵԼՔ դաշինքի մյուս կուսակցություններին):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---