Մայիսի 1-ին ԱԺ-ն նոր վարչապետ է ընտրելու

Մայիսի 1-ին ԱԺ-ն նոր վարչապետ է ընտրելու

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ի կեսօրին Ազգային ժողովում տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները։

Առաջադրված է 1 թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

2 շաբաթվա քայլերթից ու ապրիլի 13-23-ն ընկած լայնամասշտաբ բողոքի ակցիաների արդյունքում ընդդիմությունը հասավ հայտարարված թիվ 1 նպատակին՝ Սերժ Սարգսյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից։ Հռչակած ճանապարհային քարտեզի համաձայն, Փաշինյանը պիտի ժամանակավոր վարչապետ ընտրվի ու տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։

ՀՀԿ-ն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մի քանի օր փորձեցին անորոշություն պահպանել հնարավոր թեկնածուի առաջադրման հարցում, այդ ընթացքում տապալվեցին Կարապետյանի ու Փաշինյանի բանակցությունները։ Լայնամասշտաբ ակցիաների արդյունքում իշխող կուսակցությունը որոշեց ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրել։

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետո այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չհայտնեց։

Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---