New York Times. Կյանքը հայ-թուրքական սահմանի երկու կողմում

New York Times. Կյանքը հայ-թուրքական սահմանի երկու կողմում

PanARMENIAN.Net - Հեղինակավոր New York Times պարբերականը ֆոտոռեպորտաժ է ներկայացրել երկու լուսանկարիչ կանանց մասին՝ հայուհու և թրքուհու, որոնք միասին են աշխատել և կարողացել են ֆիքսել կյանքը հայ-թուրքական սահմանի երկու կողմում՝ շեշտը դնելով ծպտյալ հայերի վրա:

Ինչպես նշում է պարբերականը, սահմանամերձ գյուղերի բնակիչները երկու տարօրինակ կանանց նկատել են դեռևս 2015-ին, երբ հայաստանցի քրիստոնյա Անահիտ Հայրապետյանը և թրքուհի մահմեդական Սերա Աքջանը Թուրքիայից միասին, առանց տղամարդկանց ուղեկցության, տեսախցիկներով զինված շրջում էին տեղանքում՝ նպատակ ունենալով բացահայտել դարավոր գաղտնիքները:

Կանայք փնտրում էին «ծպտյալ հայերին», որոնց քրիստոնյա նախնիները վերապրել են 2015-ի Հայոց ցեղասպանությունը, երբ 1,5 մլն հայ զոհվեց:

Հայ մահմեդականի երկու կանայք, որի հայրը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ձախ կողմի կինը հայուհի է, իսկ աջինը՝ արաբ: Թուրքիա, 2015թ., Անահիտ Հայրապետյան

«Ծպտյալ հայերը», որոնց փնտրում էին լուսանկարիչները, 2015-ին ողջ մնացած հայերի ժառանգներն են՝ հիմնականում այն կանանց ու երեխաների, որոնց ընդունել են տեղաբնակ քրդերի, թուրքերի ու արաբների ընտանիքները, և որոնք դավանափոխ են եղել: Թուրքիայի որոշ հեռավոր գյուղերում, ուր այցելել են լուսանկարիչները, այդ հայերի ազգային ու կրոնական սովորույթները տարիներով գաղտնի են պահվել՝ հարևանների վախից: Ծնողները հազվադեպ են ասել իրենց երեխաներին հայկական ծագման մասին, շատերը նույնիսկ խուսափել են հայերեն լեզվից, ուստի Ցեղասպանությունը վերապրածներից շատերի երեխաները հաճախ ոչինչ չեն իմացել իրենց ծագման մասին:

Աքջանն ու Հայրապետյանը ծանոթացել են 2006-ին, երբ մասնակցում էին հայ և թուրք լուսանկարիչների համատեղ նախագծին: Հենց այն ժամանակ կանայք հայտնաբերեցին, որ բավականին շատ ընդհանուր բան ունեն: Քանի որ երկուսն էլ փորձում էին աշխատել նահապետական երկրներում, նրանք մտերմացան և հաճախ էին դիմում միմյանց զգացմունքային աջակցության համար:

Տեղաբնակ Ջեմիլը կնոջ հետ, Սասունի Կոմք գյուղ: Այս ընտանիքը Սասունի դեռևս քրիստոնյա մնացած սակավաթիվ ընտանիքներից է: Թուրքիա, 2015թ., Անահիտ Հայրապետյան:

Ըստ Աքջանի, իրենց համատեղ աշխատանքը թույլ է տալիս ցույց տալ Թուրքիայում և Հայաստանում ապրող մարդկանց, որ պարտադիր չէ, որ այդ ժողովրդների միջև թշնամանք լինի, նրանք կարող են նաև բարեկամներ լինել:

Երբ լուսանկարիչները սկսեցին սահմանի երկու կողմում կյանքի մասին նախագիծը, նրանք շատ քիչ բան գիտեին այն հայերի մասին, որոնք ծպտված ապրում են Թուրքիայի քրդական և արաբական գյուղերում, բայց, սկսելով աշխատանքը, ավելի ու ավելի շատ էին լսում նրանց մասին: Տարբեր գյուղերում նրանք տեղաբնակների հետ շփվելու տարբեր փորձ են ունեցել: Քրդական գյուղերում հայերի համար ավելի հեշտ էր լինում խոսել, պատմում է Հայրապետյանը, քանի որ քուրդ ժողովրդի համար «ծանր ժամանակներ են և, անդրադառնալով անցյալին, նրանք նշում են, որ մասնակցությունն են ունեցել Հայոց ցեղասպանությանը և ներողություն են խնդրում»:

Ծպտյալ հայերից շատերը պատմել են, որ մինչև վերջերս չեն իմացել իրենց ծագման մասին: Մի տղամարդ պատմել է, որ իմացել է իր հայկական ծագման մասին՝ բացահայտելով տատի գաղտնիքը. մի անգամ նա հետևել է տատին, երբ նա ասել է, որ գնում է բույսեր հավաքելու մոտակա բլուրներից, և տեսել է, թե ինչպես է նա աղոթում հայկական եկեղեցու փլատակներում իրեն անհայտ լեզվով: Այդպես նա իմացել է, որ հայ է:

Քիսմետ՝ մահմեդական հայուհի, որի պապը վերապրել է Ցեղասպանությունը: Թուրքիա, 2015թ., Անահիտ Հայրապետյան:

Նախագիծը մեծ նշանակություն է ունեցել Աքջանի համար, քանի որ 30 տարեկանում նա հայտնաբերել է, որ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի և Ցեղասպանության հետ, որի մասին հայրն իրեն երբեք չի պատմել: Հոր տատը հայ է եղել, 1915 կամ 1916թթ. նրան գտել են Թուրքիայի արևելքում գտնվող այգիներից մեկում, երբ նա դեռ դեռահաս էր: Ընտանիքն ընդունել է նրան, որտեղ նա իսլամ է ընդունել, իսկ ավելի ուշ սիրահարվել է և ամուսնացել ավագ որդու հետ: Մի քանի տարի անց ծնվել է Աքջանի պապը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---