Ավստրալիայի Ռայդ քաղաքը բանաձև է ընդունել՝ սատարելով Արցախի անկախությանը

Ավստրալիայի Ռայդ քաղաքը բանաձև է ընդունել՝ սատարելով Արցախի անկախությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։

Բանաձևում մասնավորապես ասվում է, որ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը նշում է, որ 2018 թ․ լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը հանգեցրեց 1991 թ․Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը․

ա) հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը,

բ) ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

գ) ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը

դ) սատարում և խրախուսում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը՝ առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով,

ե) խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, և

զ) կոչ է անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ։

Ավելի վաղ Արցախի անկախությունն է ճանաչել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը: Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում ներառել է Արցախի հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---