Forbes-ը՝ ՀՀ մասին. Ինչպես է վերածնվում ԽՍՀՄ-ի Սիլիկոնե հովիտը

Forbes-ը՝ ՀՀ մասին. Ինչպես է վերածնվում ԽՍՀՄ-ի Սիլիկոնե հովիտը

PanARMENIAN.Net - Հայաստանը ժամանակին հաճախ են ԽՍՀՄ-ի Սիլիկոնե հովիտ անվանել: Խորհրդային Հայաստանում բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուներ էին գործում, նախագծեր էին իրականացվում ատոմային էներգետիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում, մշակում էին առաջատր «Նաիրի» ԷՀՄ-ն, և նույնիսկ ստեղծել են ԽՍՀՄ-ում առաջին մագնիսով աշխատող գնացքը, գրում է Forbes.ru-ն:

«Բոլոր այդ հավակնոտ նախագծերը խթանում էին գիտության զարգացումը, տարբեր մասնագետների ներգրավումը: Սակայն, 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, երկիրը ստիպված էր մտածել գոյատևման մասին: Գիտնականներից, մասնագետներից և հետազոտողներից շատերը ստիպված եղան հեռանալ Հայաստանից: Գիտատեխնիկական զարգացումը կանգ առավ: «Արդեն նախկին ԽՍՀՄ Սիլիկոնե հովիտը ժամանակավորապես վերածվեց սիլիկոնե անապատի»,-ասվում է հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է մեծ հավակնություններով: Ասվում է, որ թեև ՀՀ-ն այսօր ՏՏ ոլորտի օրակարգը ձևավորող երկրների թվին չի պատկանում, սակայն, դա չի նշանակում, որ բարձր տեխնոլոգիաներն այստեղ չեն զարգանում: Այժմ ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը՝ դա մի քանի անգամ ավելի քիչ է, քան վերամշակող, լեռնահանքային և գյուղատնտեսության ոլորտների ծավալները, սակայն ՏՏ ոլորտի աճը տարեկան կազմում է 20 տոկոս:

«Հայաստանը շեշտը դրել է բիզնես-ինկուբատորների զարգացման վրա՝ խոշորագույնները Երևանում են և Գյումրիում և չեն բողոքում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև տեղական սկսնակ ընկերությունների պակասից: Բարձր որակավորում ունեցող և համեմատաբար էժան վարձատրվողր մասնագետները գիտության, մաթեմատիկայի և ինժեներիայի ոլորտում գրավում են առաջատար ՏՏ ընկերություններին, որոնք այստեղ ոչ թե ուղղակի տարածաշրջանային ներկայացուցչություններ են բացել, այլ լիարժեք գիտահետազոտական մասնաճյուղեր: Դրանց թվում են Intel-ը, D-Link-ը, Microsoft-ը, ABBYY-ի ն և այլ ընկերություններ»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2011-ին ամերիկահայ գործարար Սեմ Սիմոնյանը բացեց Երևանում Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնը: ABBYY-ն եկավ Հայաստան Դավիթ Յանի և Արամ Փախչանյանի շնորհիվ, որոնք ծնվել են Երևանում, իսկ բիզնեսը կառուցել Ռուսաստանում:

Հիմնականում նոր ՏՏ նախագծերը զարգանում են հայկական սփյուռքի աջակցությամբ: Օրինակ, Ռուբեն Վարդանյանը գործընկերների հետ ստեղծել է FAST (Foundation for Armenian Science and Technology) գիտատեխնոլոգիական հիմնադրամը և մտադիր է ենթակառուցվածքներ ստեղծել գիտության և ՏՏ զարգացման համար: Հիմնադրամի զարգացման համար համահիմնադիրները սկզբի համար մտադիր են 10 մլն դոլար հատկացնել, իսկ հետո ֆանդրայզինգային արշավ սկսել և հասցնել ֆինանսավորումը 200 մլն դոլարի 3 տարվա ընթացքում:

«Այսօր արդեն բավարար չէ ապահովել ֆինանսներով նոր նախագիծը, գտնել լավ մասնագետների և վաճառքներ իրականացնել: Կարևոր է էկոհամակարգ ստեղծել: Սովորոբար նման խնդիրները կյանքի են կոչում տեխնոպարկերը և բիզնես-ինկուբատորները: ՀՀ-ն մտադիր է իր տեխնոլոգիական էկոհամակարգը ձգողական դարձնել ներդրողների համար»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2017-ի հոկտեմբերին FAST-ն առաջին անգամ Հայաստանում ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ մեքենայացված ուսուցման համաժողով էր հրավիրել:

«Ռազմավարություններից մեկը ապագան կառուցելն է՝ հենվելով հաջող փորձի ու անցյալի նվաճումների վրա: Միևնույն ժամանակ միշտ կարևոր է տեսնել նպատակն ու համահունչ լինել ժամանակին: Միայն այդպես կարելի է գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելին՝ ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ պետության մասշտաբներով: Հիմա Հայաստանը գերազանց հնարավորություններ ունի դա գործնականում ապացուցելու համար»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---