ԱԳՆ. Բաքվի հռետորաբանությունը բացասաբար է ազդում բանակցությունների վրա և պետք է կանխվի

ԱԳՆ. Բաքվի հռետորաբանությունը բացասաբար է ազդում բանակցությունների վրա և պետք է կանխվի

PanARMENIAN.Net - Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ընդգծելով, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել՝ Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Բաքվի հռետորաբանությունն, ամբողջությամբ հակառակն անելով, բացասաբար է ազդում, և հետևապես պետք է կանխվի։

ԱԳ նախարարը նշել է նաև, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Տոյվո Կլաարը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով համատեղ քայլերով Հայաստանի հետ կապերն առավել ամրապնդելու Եվրամիության պատրաստակամությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար:

Հանդիպման օրակարգում էին նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե գործնականում հնարավոր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ասել էր, որ ներկայիս կարևորագույն նպատակն է, որ Արցախը ներգրավվի բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---