Փոխվարչապետի գրասենյակ․ Նոր խորհրդականը դատվել է ոչ թե կոկաինի, այլ ռազմամթերքի գործով, այն էլ՝ արդարացվել է

Փոխվարչապետի գրասենյակ․ Նոր խորհրդականը դատվել է ոչ թե կոկաինի, այլ ռազմամթերքի գործով, այն էլ՝ արդարացվել է

PanARMENIAN.Net - Փոխվարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումների մասին, որի նշանակումը սոցիալական ցանցերում և մամուլում որոշակի քննարկումների և մտահոգությունների առիթ է դարձել:

«Ուսումնասիրել ենք մամուլի անդրադարձը Գեորգի Մուրադյանի կենսագրությանը, մասնավորապես՝ նրա ենթադրյալ առնչությանը թմրանյութերի մաքսանենգության հետ: Այս առիթով մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տեղեկատվության ոչ համակողմանիության կապակցությամբ:Հրապարակումներից որևէ մեկում մենք չենք տեսել այն փաստի արձանագրումը, որ Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ: Թեև Մուրադյանը 2007-ին հարուցված թմրանյութերի մաքսանենգության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննության ընթացքում որևէ ապացույց չգտնելով՝ մեղադրանքի էությունը փոխվել է, և նրան առաջադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանք: Եվ հենց այդ մեղադրանքով է մեղադրական կողմը ներկայացել դատարանում:

Ավելի վաղ հրապարակումներ եղան այն մասին, որ Մուրադյանի անունը հայկական լրատվամիջոցներում արծարծվել է դեռ 2000-ականների կեսերին, երբ «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Մուրադյանի անունով կոկաին պարունակող ծանրոց էր ստացվել:

Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանն ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից:

2008-ին նա բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում և արդարացվել: Այս բոլոր փաստերն անտեսված են մամուլի առկա հրապարակումներում: Թեև մեր գրասենյակը և պարոն Մուրադյանը գիտակցում են, որ պաշտոնատար անձը, էթիկայի նորմերով պայմանավորված, առավել լայն հանդուրժողականություն պիտի ցուցաբերի քննադատություններին, սակայն, եթե հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, կա ուժի մեջ մտած վճիռ, որով Մուրադյանն արդարացվել է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, եր եթե հարցը դիտվի իրավական հարթությունից դուրս, ապա առանցքային նշանակություն ունի հիշյալ գործի քննության ժամանակաշրջանը, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը հենված չի եղել արդարության սկզբունքի վրա: Գործի քննության մեջ տեղ գտած բազմաթիվ հակասությունների համատեքստում որևէ միանշանակ գնահատական օբյեկտիվ համարվել չի կարող:

«Փաստերի ոչ համակողմանի ներկայացումն ու ոչ պատշաճ վերլուծությունը օբյեկտիվորեն կարող էին և հանգեցրել են հանրային բացասական ընկալումների: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարել հանդես գալ այս հայտարարությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Գեորգի Մուրադյանի խորհրդականի պաշտոնում նշանակման նպատակահարմարությանը, ապա հայտարարության մեջ ասվում է, որ նա ունի համակարգի տարբեր օղակներում աշխատելու հարուստ փորձառություն, հիմնադրել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և լուծել իր առջև դրված խնդիրները բազմազգ այդ տարածաշրջանում` արժանանալով բոլոր կողմերի վստահությանը, ունի բանակցային դրական որակներ, լավ է ճանաչում պետական կառավարման համակարգն իր կառուցվածքով և պատմությամբ, ուստի նրա խորհրդատվությունն անհրաժեշտ է նոր կառավարությանը որոշումների կայացման հարցում:

Հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Գեորգի Մուրադյանը աշխատել է ՀՀ Արտգործնախարարությունում, եղել է ԱԺ նախագահի խորհրդական, Օդեսայում ՀՀ հյուպատոս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---