Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին. Սա ծրագի՞ր է, թե զրույց սուրճի սեղանի շուրջ

Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին. Սա ծրագի՞ր է, թե զրույց սուրճի սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ՝ նշելով, որ կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդերի ստեղծածը:

Նա նշել է, որ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:

«Պարոն վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում: Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումը առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որևէ ժամկետ և տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ չտեսա:..Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15 լավ մեկ տոկոս, չկա գրված, հրաժարվել ե՞ք թռիչքային զարգացման գաղափարից, ինչո՞ւ:

Վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա:

Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացումից:Փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց. ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարելի է համարել, որ այլևս քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահովելու »,-ասել է Շարմազանովը՝ խնդրելով բացատրել`սա ի՞նչ է, ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ:

«...Անդրադառնալով այս փաստաթղթին, հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին և չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին:

Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի խոսք սիրիահայության խնդրիների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետևողական ջանքերով հայրենադարձվեցին և արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Փոխարենը` կա շատ մի հավակնոտ ձևակերպում, ըստ որի` «Կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ հարուցում, ո՞րն է մեծ հայրենադարձության չափանիշը: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից: Եվ վերջապես ինչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցել ե՞ք, հայրենադարձություն եք հարուցում որպեսզի ճշտեք Ձեր դերակատարու՞մը, սա զավեշտալի է պարզապես:

Ես ներկայացրեցի այս փաստաթղթում առկա անհասկանալի և տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ երազանքների և ցանկությունների, իսկ միգուցե նաև բաժակաճառեի ժողովածուի»,-ասել է Շարմազանովը։

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---