ԱԳ նախարար. Հաջողության համար բանակցություններին խաղաղության մթնոլորտ է պետք

ԱԳ նախարար. Հաջողության համար բանակցություններին խաղաղության մթնոլորտ է պետք

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայություն: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և դրա շուրջ զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ողջունելով և շնորհավորելով նախարար Մնացականյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը նշել է․ «Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք, ի շարունակություն բարձր մակարդակով վերջերս տեղի ունեցած հանդիպման, քննարկել մեր դաշնակցության և ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կառույցներում մեր ներգրավվածության շրջանակներում»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ սա իր առաջին օտարերկրյա այցելությունն է ԱԳ նախարարի պաշտոնում, և բնական է, որ այն տեղի է ունենում Մոսկվա։ «Մեր փոխհարաբերություններն, իսկապես, բավականին ամուր հիմք ունեն: Հայաստանի կառավարության հանձնառությունը խորացնելու և ամրապնդելու մեր դաշնակցային փոխհարաբերությունները, մեր համագործակցությունը փոխադարձ ըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա եղել և մնում է մեր առաջնահերթությունների հիմքում: Այն արտահայտված է նաև կառավարության ծրագրում, որն, ի դեպ, այսօր ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը: Եվ հենց այդ ոգով, այդ տրամադրությամբ եմ ես Մոսկվայում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել հայ-ռուսաստանյան հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, կրթամշակութային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարները ընդգծել են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության և գործունեության համադրմանն առնչվող հարցերի շուրջ՝ այս համատեքստում արձանագրելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կարևոր դերակատարումը: Առանձնահատուկ ընդգծվել է ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության կարևորությունը։

ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներին առնչվող մի շարք հարցերը, առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները: Երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև անխափան հաղորդակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:Հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Մնացականյանը խոսել էր նաև Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակում ՌԴ Պետական Դումայի և Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---