Վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ Պուտինին և Մեդվեդևին

Վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ Պուտինին և Մեդվեդևին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարգավաճում:

Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Հազարամյա պատմություն և յուրահատուկ ժառանգություն ունեցող երկրի՝ Ռուսաստանի պատմության մեջ այս նշանակալի օրը խորհրդանշում է համակարգային փոփոխությունները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Մենք Հայաստանում արժևորում ենք մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերը, որոնք հուսալի հիմք են դարձել զարգացնելու միջպետական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հունով։ Խորին համոզմունք ունեմ, որ կառուցողական փոխգործակցության հետագա ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, ինչպես նաև փոխշահավետ ծրագրերի համատեղ առաջմղումը տնտեսության և մշակութային-հումանիտար ոլորտներում լիարժեք համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին», - ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում։

Ուղերձում նշվում է նաև, որ վերջերս կայացած հանդիպումը Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում, ևս մեկ քայլ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և հարստացման համար՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների և պետությունների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման։

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---