Աշոտ Արսենյանը հեռանում է ՀՀԿ-ից՝ Ամուլսարի հարցում անկաշկանդ մթնոլորտ ապահովելու համար

Աշոտ Արսենյանը հեռանում է ՀՀԿ-ից՝ Ամուլսարի հարցում անկաշկանդ մթնոլորտ ապահովելու  համար

PanARMENIAN.Net - Պատգամավոր Աշոտ Արսենյանը դուրս է եկել ՀՀԿ-ից և ԱԺ-ում խմբակցության կազմից։ Այդ մասին ասվում է պատգամավորի հայտարարության մեջ: Ասրենյանն իր որոշումը հիմնավորել է Ամուլսարի հանքի հարցի քննարկումներն ավելի անկաշկանդ մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությամբ:

Արսենյանը կմնա ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր:

«Արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որպեսզի չխոչընդոտեն հանքի աշխատանքներին։ Ինչպես տեղյակ եք, արդեն վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հանքի շուրջ ստեղծված հարցի լուծման համար։

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները որեւէ կերպ չեն համաձայնել առաջարկվող պահաջներին։ Ես կարծում եմ, որ երկկողմանի բանակցություններին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ և ՀՀԿ խմբակցության պատգամավոր։ Ուստի, որպեսզի այս հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության և խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել»,-ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նշել է, որ բազմիցս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին ճանապարհների փակման ձևաչափով ՀՀ-ում սաբոտաժ չստեղծել։ «Ես միանում եմ վարչապետի կոչին։ Հարգելի հայրենակիցներ, ես ևս մեկ անգամ հորդորում եմ բացել հանք տանող ճանապարհը և թույլ տալ, որպեսզի հանքի աշխատողները անցնեն իրենց բնականոն աշխատանքներին՝ մինչև կառավարությունը լուծում կգտնի այդ հարցի շուրջ»,-ասված է պատգամավորի հայտարարության մեջ։

Ջերմուկցիները մոտ մեկ ամիս է ժամանակ առ ժամանակ փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով Սոթքի և Ամուլսարի հանքերի գործարկման դեմ:

Հունիսի 25-ին սոցցանցում հարցուպատասխանի ժամանակ այս հարցին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ է արել քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության գործողությունները և թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով: Նա ասել է, որ եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա պետք է դադարեցնեն բողոքի գործողությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---