Քոչարյան. ՄԽ համանախագահությունը պարտադրելու մանդատ չունի

Քոչարյան. ՄԽ համանախագահությունը պարտադրելու մանդատ չունի

PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում չկա առաջընթաց, ապա դրա մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացի առաջընթացի համար կողմերի միջև վստահություն է պետք: «Վստահության համար նվազագույն անհրաժեշտ հիմքը այն է, որ կողմերն առնվազն չկրակեն»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Քոչարյանը նաև ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող պարտադրել Ադրբեջանին չկրակել, քանի որ դրա մանդատն այլ է. «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առ այսօր նրա մանդատն այլ բանում է՝ փորձել կողմերի դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ հակամարտող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները», - նշել է Քոչարյանը։

Խոսելով բանակցային սեղանի մոտ Արցախի վերադառնալու հավանականության մասին՝ Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը դիմադրում է բանակցային սեղան Արցախի վերադարձին, ինչը փաստում է՝ Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց բանակցային գործընթացում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ «Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,-ասել է նախարարը։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»,-ասել է Մնացականյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---