ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են Կինոյի հիմնադրամ ստեղծել՝ աջակցելու համատեղ նախագծերին

ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են Կինոյի հիմնադրամ ստեղծել՝ աջակցելու համատեղ նախագծերին

PanARMENIAN.Net - Հայաստանը և Ռուսաստանը կարող են Կինոյի հիմնադրամ ստեղծել համատեղ կինոնախագծերին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը՝ հիշեցնելով, որ արդեն քննարկել է այդ գաղափարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք ունենք համատեղ կինոնախագծեր, մի քանի տարի առաջ «Երկրաշարժ» ֆիլմը էկրան բարձրացավ, այս տարի՝ «Սպիտակը», որը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Գեորգի» մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար»,- ասել է Մեդինսկին՝ նշելով, որ երկու երկրները բավականին շատ հետաքրքիր ընդհանուր թեմաներ ունեն, որոնք կարող են այս կամ այն ֆիլմի հիմքում լինել, ասվում է ՌԴ մշակույթի նախարարության կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով, ընդհանուր կապիտալով հիմնադրամը կարող է հանդես գալ որպես պատվիրատու ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ համատեղ ֆիլմերի առաջմղման գործում, ընդ որում, հիմնադրման մեխանիզմը կարող է «շատ պարզ լինել», առանց «բյուրոկրատական կառուցվածքի»:

«Դա կարող է լինել որևէ իրավաբանական անձ, որը տնօրեն կունենա և հայկական, և ռուսական կողմից, և փորձագիտական խորհուրդ, որոնք կորոշեն, թե որ նախագծերին են աջակցելու։ Դրանք կարող են լինել ինչպես սոցիալական, այնպես էլ կոմերցիոն ֆիլմեր»,- ասել է Մեդինսկին՝ հավելելով, որ հիմնադրամը, օրինակ, կարող է գումար հատկացնել, հետո վերադարձնելու պայմանով։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր հերթին կինոյի հայ-ռուսական հիմնադրամի ստեղծումը լավ գաղափար է համարել։ «Պետք է հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, ինչ ձևաչափով, մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրսներ են հարկավոր»,- ասել է նա:

ՌԴ մշակույթի նախարարը հրավիրել է Մակունցին մասնակցելու Սանկտ Պետերբուրգի VII միջազգային մշակութային համաժողովին, որն անցկացվելու է նոյեմբերի 15-17-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---