Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին. Տեղի ունեցածը ապացուցեց՝ Աստված կա

Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին.  Տեղի ունեցածը ապացուցեց՝  Աստված կա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը «վրեժխնդիր մարդ չէ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»:

«Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ:Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա», - գրել է պատգամավորը:

Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը։

«Նրանք արդեն նշանակել են մեղավորներին և ձևակերպումներ են փնտրում այդ մեղադրանքն ապահովելու համար», - ասել է նա։

Ավելի վաղ հուլիսի 26-ին Քոչարյանը հարցաքննվել էր գործի շրջանակներում՝ վկայի կարգավիճակով։ Գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև պաշտպանության նախկին նախագահ Միքյել Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ-ից դուրս։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---