// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ազնավուր. Մտադիր եմ համերգ տալ 100-ամյակիս օրը

Ազնավուր. Մտադիր եմ համերգ տալ 100-ամյակիս օրը

PanARMENIAN.Net - 94-ամյա լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ մտադիր է համերգ տալ իր 100-ամյա հոբելյանի օրը: Այդ մասին նա ասել է Maximonline.ru-ին տված հարցազրույցում:

«Ես համերգ եմ նախատեսել 2024-ի մայիսի 22-ին՝ իմ 100-րդ տարեդարձի օրը: Իսկ հետո՝ տեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ավարտեի: Որպեսզի մեռնե՞մ տանը՝ բազկաթոռին նստա՞ծ: Ոչ, շնորհակալ եմ»,-ասել է արտիստը՝ պատասխանելով համերգային գործունեությունն ավարտելու մասին հարցին:

Նա կիսվել է երկարակեցության իր գաղտնիքով. «Ես ամեն օր 340 մ լողում եմ գոտկատեղիս ծանրություն ամրացնելով: Միշտ ուտում եմ ափսեում եղածի կեսը: Արդեն 40 տարի է չեմ ծխում, թեև երբեմն կարող եմ ինձ երես տալ՝ սիգար վայելելով: Եվ չեմ խմում թունդ ալկոհոլ: Միայն գինի ու շամպայն»:

Շանսոնյեն նաև պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել 51 տարի ապրել կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ:

«Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի: Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Երրորդ անգամ վերջապես ամուսնացա այն կնոջ հետ, որի մասին միշտ երազել եմ՝ բաց աչքերով և մետաքսանման մաշկով շիկահերի: Բացի այդ, Ուլլան ինձանից 17 տարով փոքր է: Տարիքային գերազանց տարբերություն, կարծում եմ: Իսկ ընդհանրապես, տևական ամուսնության գաղտնիքը հետևյալն է՝ առավելագույնս բնական լինել դիմացինի հետ և միշտ ասել միմյանց այն, ինչ ուզում ես: Թեև հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում: Կարող եմ ինձ թույլ տալ այս տարիքում՝ ես հիմա կարծես սրբազան կով լինեմ»,-ասել է Ազնավուրը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է»,-ասել է նա
Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում