Սասունյան. Մերկելը Երևանում խուսափեց օգտագործել ցեղասպանություն եզրը

Սասունյան. Մերկելը Երևանում խուսափեց օգտագործել ցեղասպանություն եզրը

PanARMENIAN.Net - «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրՀարութ Սասունյանը, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին Հայաստան, իր հոդվածում գրել է, որ Գերմանիայի կանցլեր Մերկելը, շատ լավ տեղեկացված լինելով փաստերի մասին, պետք է Հայոց ցեղասպանությունը անվաներ իր իսկական անունով՝ Ցեղասպանություն:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները: Մերկելի այցը խիստ անհրաժեշտ խթան էր Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարության համար:

Նշվում է, որ զգայուն հարցերից մեկը, որին ուշադիր հետևում էին ինչպես հայերը, այնպես էլ միջազգային հանրությունը՝ կանցլեր Մերկելի մեկնաբանություններն էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) 2016 թ. գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և հայտարարեց, որ «Գերմանական կայսրությունը մասնակի մեղսակցություն ունի այդ իրադարձություններում»:

Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից և սպառնաց խզել կապերը Գերմանիայի հետ: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված տարբեր պատճառներով, սակայն սպասվում է, որ դրանք կբարելավվեն սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարելիք առաջիկա այցից հետո:

Սասունյանը գրում է, որ Երևանում Մերկելն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց 1.5 միլիոն հայ զոհերի հիշատակին և ծառ տնկեց հուշահամալիրի տարածքում գտնվող ծառուղում, սակայն, Մերկելը Երևանում խուսափեց օգտագործել ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի զանգվածային սպանությունները որակելով որպես «հրեշավոր ոճրագործություն հայ ժողովրդի դեմ», որը «չի կարելի և չպետք է մոռացվի»: Նա նաև հայտարարեց, որ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր «Բունդեսթագի 2016 բանաձևի ոգուն համահունչ»: Նա պարզաբանեց, որ կիրառված լեզուն «քաղաքական գնահատական էր, այլ ոչ թե իրավական»:

«Չնայած Հայաստանի նկատմամբ Մերկելի բարյացակամությանը և նրա շատ դրական հայտարարություններին, հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարները նրան հիշեցրեցին, որ 1.5 միլիոն հայերի ծրագրված ոչնչացումը նկարագրելու համար իսկական եզրը «ցեղասպանությունն» է, այլ ոչ թե պարզապես «հրեշավոր ոճրագործությունը»:

Հայաստանի ղեկավարները կարող էին Գերմանիայի կանցլերին տեղեկացնել գերմանական «Դոյչե վելե»-ի (Deutsche Welle) լրագրող Բեն Նայթի վերջին հաղորդման մասին՝ Գերմանիայի Ռեյխի կողմից օսմանյան թուրքական զորքերին տրամադրված զենքի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանության իրականացման համար»,-ասվում է հոդվածում:

Համաձայն «Դոյչե վելե»-ի՝ «Մաուզերը», որը Գերմանիայի հրաձգային զենքերի հիմնական արտադրողն էր երկու համաշխարհային պատերազմներում, միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է մատակարարել Օսմանյան կայսրությանը, որոնք օգտագործվել են Ցեղասպանության մեջ՝ գերմանացի սպաների ակտիվ աջակցությամբ:

Բացի այդ, մեջբերելով Global Net-ի «Դադարեցրեք զենքի առևտուրը» հոդվածից, «Դոյչե վելե»-ն հայտարարել է, որ «թուրքական բանակը նաև հագեցած էր Էսսենում գտնվող «Կրուպ» (Krupp) ընկերության արտադրած հարյուրավոր թնդանոթներով, որոնք Թուրքան օգտագործել է Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկների դեմ 1915 թվականին»:

Global Net-ի հոդվածի հեղինակ Վոլֆգանգ Լենդգրեբերը գրել է, որ «Մաուզերը» իրոք հրացանի մենաշնորհ ուներ Օսմանյան կայսրության համար»:

Նշվում է, որ «Դոյչե վելե»-ն բացահայտել է, որ «հոդվածում առաջին գերմանական զեկույցներից շատերը վերցված են մայոր կոմս Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից, որը 1915 թ. հոկտեմբերին գտնվում էր հարավարևելյան թուրքական Ուրֆա քաղաքում: Ուրֆան զգալի թվով հայերի բնօրրանն էր, որոնք բարիկադներ էին ստեղծել իրենց տներում ընդդեմ թուրքական հետևակի: Վոլֆսկեհլը ծառայում էր որպես Օսմանյան կայսրության 4-րդ բանակի հրամանատարի տեղակալ Ֆախրի Փաշայի շտաբի պետ և կոչված էր այն ամրապնդելու համար»:

Մայոր Վոլֆսկեհլն իր կնոջը գրած նամակում անամոթաբար պարծեցել է գերմանական զորքերի կողմից Ուրֆայում հայերի սպանություններով. «Նրանք (հայերը)զբաղեցրել էին եկեղեցուց հարավ գտնվող բազմաթիվ տներ: Երբ մեր հրետանին հարվածեց տներին, ներսում գտնվող շատ մարդիկ և մյուսները փորձեցին պատսպարվել եկեղեցում: Սակայն... նրանք ստիպված էին եկեղեցին շրջանցել եկեղեցու բակով: Մեր հետևակը բակի ձախ կողմից արդեն հասել էր տներին և սպանեց եկեղեցու բակով փախչող մարդկանց: Ընդհանուր առմամբ, հետևակը, որն օգտագործեցի հիմնական հարձակման ժամանակ... լավագույնս արդարացրեց իրեն հոյակապ կերպով»:

Լենդգրեբերը նաև տեղեկացրել է, որ «մինչ գերմանական ընկերությունները զենք էին մատակարարում, իսկ գերմանացի զինվորները՝ փորձագիտական խորհրդատվություն, թե ինչպես օգտագործել դրանք, գերմանացի սպաները նաև գաղափարական հիմքեր էին դնում» Հայոց ցեղասպանության համար:

Գերմանական ռազմածովային կցորդ, գերմանա-թուրքական սպայական կորպուսի անդամ և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի մտերիմ Հանս Հյումենը գրել է. «Հայերը, ռուսների հետ ունեցած իրենց դավադրության պատճառով, պետք է քիչ թե շատ ոչնչացվեն: Դա դժվար է, բայց օգտակար»:

Բացի այդ, Լենդգրեբերը իր զեկույցում գրել է «պրուսական գեներալ-մայոր Կոլմար Ֆրիհեր վոն դեր Գոլցի մասին, որը 1883-ին օսմանյան պալատի համար կարևոր ռազմական խորհրդական էր դարձել և ինքն իրեն որպես լոբբիստ էր տեսնում գերմանական ռազմական արդյունաբերության համար և աջակցում էր թե «Մաուզեր», թե «Կրուպ» ընկերություններին՝ թուրքական գնումներն ապահովելու իրենց ջանքերում: (Մի անգամ նա պարծեցել է իր օրագրում. «Կարող եմ պնդել, որ առանց ինձ, [թուրքական] բանակի վերազինումը գերմանական մոդելներով տեղի չէր ունենա»): Գոլցը «օգնեց համոզել Սուլթանին՝ փորձել և մեկընդմիշտ վերջ դնել հայկական հարցին...»:

«Վերոնշյալ մեջբերումները հաստատում են Բունդեսթագի 2016 թ. բանաձևով ընդունումը, որ Գերմանիան մեղսակից է Հայոց ցեղասպանությանը և 2015 թ. Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի կողմից Գերմանիայի «համատեղ պատասխանատվության» ճանաչումը Հայոց ցեղասպանության համար: Գերմանիայի կանցլեր Մերկելը, շատ լավ տեղեկացված լինելով այս փաստերի մասին, պետք է Հայոց ցեղասպանությունը անվաներ իր իսկական անունով՝ Ցեղասպանություն...»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---