21 սեպտեմբերի 2018 - 14:18 AMT
«Փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են». Քոչարյանը շնորհավորել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորղել է հայ ժողովրդին Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։

«Հարգելի հայրենակիցներ, մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, մեկնարկած գործընթացը, ընթացող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են:

Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են:

Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ, և արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար»,-նշել է նա իր խոսքում։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: