Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը եւ ուրիշ ոչ ոք

PanARMENIAN.Net - Հայաստանը հուսով է, որ հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները դրական կլինեն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի մադրիդյան առաջարկների հիման վրա: «Փաստաթղթում կան ԵԱՀԿ ՄԽ առաջարկները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջարկները: Ես պետք է նշեմ, որ այժմ ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին չի պատրաստվում նոր առաջարկներ մշակել: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն հարկավոր է, որ Ադրբեջանը եւս պատրաստ լինի»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները չափազանց լուրջ գործընթաց են: «Ես չէի ցանկանա, որ միջազգային կազմկերպությունները կամ շահագրգիռ անձիք, որոնք չեն տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, միջամտեին գործընթացին: Ի վերջո, Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը եւ ուրիշ ոչ ոք»,-ասել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
---