Փաշինյան. Հրադադարի մասով պայմանավորվածությունը ոչ ամբողջությամբ պահպանվում է

Փաշինյան. Հրադադարի մասով պայմանավորվածությունը ոչ ամբողջությամբ պահպանվում է

PanARMENIAN.Net - Արցախի հարցում հայկական կողմը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման: Այդ մասին Արցախում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին: «Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և ըստ էության, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար:

«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները և հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաև կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Հայաստանի և Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---