Արամ Սարգսյան. Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե՝ ոչ

Արամ Սարգսյան. Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հայտարարել է, որ տասնյակ հազարավոր պետական աշխատողներ իրենց աշխատանքի վայրում նստած չգիտեն՝ ընտրություններից հետո աշխատելու են, թե նոր եկած պաշտոնյան հանելու է։

«Նախկին իշխանավոր եմ եղել՝ վարչապետ, ու հստակ կարող եմ ասել, որ նոր մարդը, որին բերում ես նախարար, մարզպետ, գործը կարող է սովորել 1,2,3 ամսում, բայց դա հնարավոր է մի պարագայում, եթե ներքևում եղած չինովիկները, գործն իմացող, բանիմաց մարդիկ մնան իրենց տեղում»,-ասել է նա ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում բնակիչների հետ հանդիպմանը, հայտնում է Panorama.am-ը։

«Այս խնդիրը լուծել է պետք։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ էր ասում, որ այս հեղափոխությունը որևէ կուսակցությանը չէ, ժողովուրդն է արել: Հետևաբար իր թիմը, մարզպետները, նախարարները պետք է լինեն ոչ միայն այն մարդիկ, ովքեր Փաշինյանի հետ քայլել են, այլ նաև ժողովրդի մեջ եղած այն մարդիկ, ովքեր 1990-ականներից սկսած պայքարել են այս երկրի հաջողության, հնարավորությունների համար»,-ասել է Սարգսյանը։

Նա խոսել է աշխատատեղերի խնդրի մասին, նշել, որ պետք է զարգացնել արդյունաբերությունը, օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, նաև մտավոր ռեսուրսը։

Արամ Սարգսյանը նաև նշել է, որ ամեն օր սպասում են, որ կարող է պատերազմ լինել։

«Պատերազմում են ոչ թե բանակները, այլ պետությունները և հաղթում են հզոր պետությունները։ Մենք պետք է հզոր պետություն դառնանք։ Դրա համար համար մեկ կարևոր բանն արդար ընտրությունների անցկացումն է»,- ասել է նա։

Դաշինքի պատգամավորության թեկնածուն առաջարկում է, որ վերցնեն լրացուցիչ 20,000 պայմանագրային զինծառայողներ, որոնք պետք է կանգնեն սահմանին, իսկ ժամկետային զինծառայողները հետ քաշվեն, սովորեն ռազմական գործը՝ իրենք չպետք է կանգնեն սահմանի գծում։ Լրացուցիչ 20 հազար պայմանագրային զինծառայող ավելացնելու համար, Սարգսյանի հաշվարկներով, պետք է 220 միլիոն դոլար, ու այդ պայմաններում, զինծառայողը ստանալու է 1000 դոլարի չափ աշխատավարձ, որից 700 դոլարը տուն է տանելու, 300 դոլարը տարբեր հարկերի տեսքով է գնալու։

«Պատկերացեք՝ ինչքան մարդ չի գնա խոպան, ինչքան ընտանիքներ չեն բաժանվի, ինչքան փող կմտնի շրջանառության մեջ»,-ասել է նա։

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը