ՀՀ նախագահ. Նոր ԱԺ-ն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում

ՀՀ նախագահ. Նոր ԱԺ-ն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը: Այդ մասին ասվում է ԱԺ ընտրությունների առիթով ՀՀ նախագահ Արմես Սարգսյանի ուղերձում:

Նա նշել է, որ այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն էին ՀՀ-ում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո, ուստի նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Նախագահը մաղթում է նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների:Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»,-ասվում է ուղերձում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ԱԺ չի անցել նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---