ԱՊՀ դիտորդներ. ՀՀ ԱԺ ընտրություններն անցել են բաց և թափանցիկ

ԱՊՀ դիտորդներ. ՀՀ ԱԺ ընտրություններն անցել են բաց և թափանցիկ

PanARMENIAN.Net - Ըստ ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացության, դեկտեմբերի 9-ին Հայստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համահունչ՝ բաց և թափանցիկ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին՝ հավելելով, որ ընտրությունների օրն առաքելության ներկայացուցիչները եղել են բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև 677 ընտրատեղամասերում։

«Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում ապահովվել են ազատ կամարտահայտության համար անհրաժեշտ պայմանները»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխան։ Տեխնիկական սարքերը մեծամասամբ աշխատել են անխափան՝ չնայած որոշ աննշան խափանումներ գրանցվել են։ Իրենց հաշվետվություններում ԱՊՀ դիտորդները նշել են առանձին խախտումներ, որոնք առաքելության կարծիքով չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Քվեաթերթիկների հաշվվման գործընթացն անցել է օրենքին համապատասխան»,- ասել է նա։

Բանախոսը նաև նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունն արդեն իսկ ավարտել է իր աշխատանքները, և մոնիթորինգի արդյունքներով կազմվել է եզրափակիչ փաստաթուղթ։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունն իրականացրել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման մոնիթորիգ։ Առաքելության կազմում հավատարմագրվել են ԱՊՀ 8 պետությունների 84 ներկայացուցիչներ։ Նրանցից 16-ն աշխատել են երկարաժամկետ հիմունքներով։ ԱՊՀ դիտորդական առաքելությունն աշխատել է բաց և չի խառնվել ընտրական գործընթացներին ու պետության ներքին գործերին»,- հավաստիացրել է բանախոսը։

Վիկտոր Գումինսկին նկատել է, որ քարոզարշավի ժամանակահատվածը բավական կարճ է եղել, սակայն օրենսդրությունն ընձեռել է բոլոր հնարավորությունները՝ այդ կարճ ժամակամիջոցում նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Նրա համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր ուժերի համար ապահովվել են նախընտրական քարոզչության հավասար պայմաններ։

Նա ընդգծել է, որ հավասար պայմաններ են ապահովել նաև ՏԻՄ-երը՝ բոլոր ուժերին տրամադրելով ընտրողների հետ հանդիպման դահլիճներ։ «Չեմ կարող չնշել ԿԸՀ-ի հստակ աշխատանքի մասին։ Այդ կառույցը կարճ ժամանակահատվածում կարողացավ իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ուղղված ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն ԿԸՀ-ն հատկացրել է ընտրակշառքների բաժանման կանխարգելմանը»,- ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչը՝ հավելեով, որ ընտրությունների ընթացքը լուսաբանել է 39 հեռուստառադիոընկերություն։

Անդրադառնալով նախընտրական խախտումներին՝ Վիկտոր Գումինսկին առանձնացրել է որոշ ուժերի ներկայացուցիչների քարոզչական նյութերի՝ չնախատեսված վայրերում փակցնելու հանգամանքը։ Այսօրինակ խախտումների մասին նամակներով դիտորդները դիմել են Երևանի քաղաքապետին և մարզպետերին՝ հորդորելով հեռացնել նշված պաստառները։ Գումինսկին նաև ուշադրություն է հրավիրել նախընտրական շրջանում խախտման մեկ դեպքով հարուցված գործի վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---