Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն (վիդեո)

Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն

PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Սահմանապահ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները, կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը նշել է, որ երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով:

«Աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով. սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ և կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,- նշել է Վարդանյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---