Գրավով կալանքից ազատվածները հնարավոր է վերահսկվեն սահմանային էլ.համակարգով

Գրավով կալանքից ազատվածները   հնարավոր է վերահսկվեն սահմանային էլ.համակարգով

PanARMENIAN.Net - Գրավով կալանքից ազատված մեղադրյալների տեղաշարժի նկատմամբ կարող է հսկողություն սահմանվել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով՝ նրանց կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մշակած համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Գրավի դիմաց կալանքից ազատվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, կաշառք տալուն օժանդակելու գործով մեղադրյալ, գործարար Սամվել Մայրապետյանը, ապօրինի հարստացման գործով մեղադրյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման համաձայն ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանվել է որպես ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ: Նախագծով առաջարկվում է նաև համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ դարձնել մեղադրյալին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ նույնիսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված լինելու փաստը չի կաշկանդում դատարանին անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը:

Գրավի կիրառման դեպքում մեղադրյալի՝ առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության տեղաշարժի սահմանափակում ամրագրող նորմ է նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

Ստացվում է, որ երբ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցողի նկատմամբ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվում է գրավով, և վերջինս, փաստացի, դեռևս գտնվում է ազատության մեջ, որևէ գործիքակազմ առկա չէ նրա կողմից սահմանի հատումը կանխելու համար:

Քննարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ մարմինների, նախաքննություն իրականացնող մարմիններին դիմել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի տեղաշարժի նկատմամբ հսկողություն սահմանելու և վերջինիս կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---