ԶԼՄ. Պետդեպը չի պաշտպանում ՀՀ և ՌԴ գործակցությունը Սիրիայում

ԶԼՄ. Պետդեպը չի պաշտպանում ՀՀ և ՌԴ գործակցությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը չի պաշտպանում ՀՀ և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում: Այդ մասին ասվում է Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշման մեջ, որն Aysor.am-ին է տրամադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը :

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները»,-ասված է պատասխանում:

«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Նա նշել է, որ Արցախի հարցը չի քննարկվել: «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---