ԱԱԾ․ՊՎԾ աշխատակիցների քայլերը մարդկանց առողջությունն են վտանգել

ԱԱԾ․ՊՎԾ աշխատակիցների քայլերը մարդկանց առողջությունն են վտանգել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի՝ հեմոդիալիզի համար սարքավորումների գնման գործընթացի շուրջ ծագած սկանդալի հետքերով ձերբակալությունների մասին։

Ըստ հաղորդագրության՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժ․պ․ Ս.Ա-ն (Սամվել Ադյանը՝ խմբ․) և նույն վարչության գլխավոր մասնագետ Գ․Խ․-ն (Գևորգ Խաչատրյանը՝ խմբ․) անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018-2019 թթ. միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար սարքավորումների ձեռքբերման գնման ընթացակարգերին։

Նպատակն էր ապահովել իրենց կողմից հովանավորվող կազմակերպության հաղթանակը:

ԱԱԾ հաղորդմամբ, այդ նպատակով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով այդ ընկերության առաջարկվող ապրանքներին: Ընդ որում, ընդդիմանալու դեպքում պաշտոնյաները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ տվյալ հիմնարկներում:

Վերոհիշյալ ընկերության ներկայացուցիչ Տ. Ա-ն («Զորաշեն» ՍՊԸ տնօրեն Տարոն Աբրահամյանը՝ խմբ․)՝ օժանդակելով ՊՎԾ պաշտոնյաներին, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր:

«Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատության համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը, ինչի հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետևանքներ», - ասվում է հաղորդագրությունում։

Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանն ու Տարոն Աբրահամյանը կալանավորված են, ընթանում է նախաքննություն։

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանն, իր հերթին, Ադյանին ու Խաչատրյանին օրինակելի աշխատողներ է որակել ու հայտարարել է, որ հեմոդիալիզի շուկայի ուսումնասիրությունը շարունակվելու է։

Սկանդալը ծագել է hetq.am-ին «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի հարցազրույցից հետո։ Վերջինս հայտարարել էր, որ ՊՎԾ աշխատակիցները փորձել են իրեն դուրս մղել հեմոդիալիզի պարագաների մրցույթից, ընդ որում՝ արդեն տեղադրված սարքերի վրա այլ արտադրողների պատրաստված պարագաների տեղադրումը կստեղծեր իրավիճակ, երբ հեմոդիալիզի պատշաճ անցկացումը չէր երաշխավորվի։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---