Արցախը շտապ օգնության 10 նոր մեքենա նվեր կստանա

Արցախը շտապ օգնության 10 նոր մեքենա նվեր կստանա

PanARMENIAN.Net - Արցախը շտապ օգնության 10 նոր մեքենա նվեր կստանա: Այդ մասին Արցախում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որին ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ «Հատկապես բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված: Կարծում ենք՝ այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք այդ շրջանակում»,- ասել է Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները:

«Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթ գործիք: Համոզված եմ՝ այս հարցում ՀՀ կառավարության՝ առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա»,- ասել է Թորոսյանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---