«Լիդիանը» սպառնում է արբիտրաժ դիմել ՀՀ դեմ հայցով

«Լիդիանը» սպառնում է արբիտրաժ դիմել ՀՀ դեմ հայցով

PanARMENIAN.Net - «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ»(TSX:LYD) ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և ՀՀ կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:

«Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները:

Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որևէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ 2018-ի հունիսից ի վեր չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---