Վարչապետ. Ադրբեջանին առաջարկում ենք խոսել խաղաղության, ոչ թե պատերազմի մասին

Վարչապետ. Ադրբեջանին առաջարկում ենք խոսել խաղաղության, ոչ թե պատերազմի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ասել է, որ դա հնարավոր չէ անել մեկ օրում, մեկ շաբաթում, կամ նույնիսկ մեկ տարում:

«Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և ՀՀ Անվտանգության խորհրդի համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, ոչ թե պատերազմի: Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման վրա: Եթե միասին չաշխատենք, երբեք չի լինի լուծում, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, կարելի է միայն վատթարացնել իրավիճակը: Ինչ-որ մեկը կարծո՞ւմ է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»,-ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ իր առաջարկած օրակարգը բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: «Ժամանակ է հարկավոր աշխատանքային մթնոլորտում բոլոր նրբությունները հանգամանալից քննարկելու համար: Կարծում եմ, որ 2019-ի ընթացքում և Ադրբեջանի իշխանությունները, և Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ցանկանում ենք լուծել խնդիրը, իսկապես ցանկանում ենք հասնել խաղաղ համաձայնության, մեր բոլոր առաջարկները ոչ թե ժամանակ ձգելու համար են, այլ լուծելուխնդիրը, դրա համար հստակ քայլեր ձեռնարկելու։ Պետք է նախապատրաստել մեր հասարակություններին խաղաղություն, ոչ թե պատերազմի: Ես չեմ հոգնի կրկնել, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, ադրբեջանական կողմից դեռևս նման հայտարարություն չենք լսել: Երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք ընդունելի լինի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի համար, ապա հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացում բեկման մասին»,-ասել է ՀՀ վարչապետը:

Խոսելով փոխզիջումների մասին՝ Փաշինյանն ասել է, որ սխալ է, այդ հարցը կողմերից միայն մեկին տալ: «Հարկավոր է, որ բոլոր կողմերը միաժամանակ պատասխանեն այդ հարցին: Ես պատրաստ եմ այդ հարցին պատասխանել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ միաժամանակ: Բայց երբ Ադրբեջանը խոսում է ռազմատենչ դիրքերից, ապա հայկական կողմի զիջումների ու փոխզիջումների պատրաստակամության մասին հայտարարությունները կարող են որպես թուլություն մեկնաբանվել: Ես միշտ եմ ասել, որ պետք չէ մեզ վախեցնել պատերազմով: Մեզ ոչ մի բանով չեն վախեցնի, քանի որ մենք մեզ վստահ ենք զգում։ Այժմ հայ հասարակությունը վերածննդի մեջ է բոլոր առումներով: Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության, ոչ թե պատերազմի մասին»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Սիրիա ՀՀ մարդասիրական առաքելություն ուղղարկելուց հետո: Պատասխանելով այդ կապակցությամբ ԱՄՆ կողմից քննադատության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «նաև հակառակը կա»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---