Միրզոյանը Ծառուկյանին առաջարկել է բիզնեսով զբաղվել-չզբաղվելու հարցով սպառիչ պարզաբանում տալ

Միրզոյանը Ծառուկյանին առաջարկել է բիզնեսով զբաղվել-չզբաղվելու հարցով սպառիչ պարզաբանում տալ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել իր կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվել-չզբաղվելու խնդրի վերաբերյալ։ Ինչպես ինքը Միրզոյանը հայտնել է ֆեսյբուքյան իր էջում, նման առաջարկ է պարունակում Ծառուկյանին ուղղված իր գրությունը։

«2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած մամուլին տրված հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային Ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։ Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ», - մասնավորապես, գրել է Միրզոյանը։

Նա նշել է, որ «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի։ «Հորդորում եմ այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել նույն օրենքի 4-րդ հոդվածով պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով», - շեշտել է Միրզոյանը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում ծավալված քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ: Ընդհակառակը՝ ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները, որպեսզի քաղաքական և ձեռնարկատիրական գործունեություններն ի վերջո տարանջատվեն միմյանցից՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատորեն զբաղվել գործունեության այդ տեսակներից առավել նախընտրելիով: Ավելին՝ կարծում եմ, որ որևէ կոնկրետ անձով կամ դերակատարով չպայմանավորված և բացառապես ինստիտուցիոնալ այս մոտեցումը ուղենիշ պետք է լինի առաջիկա իրավաստեղծ գործընթացների համար՝ իր զարգացումը և իրավական հստակեցումը գտնելով համապատասխան օրենքներում», - գրել է ԱԺ նախագահը։

«Արարատցեմենտի» օգտին ցեմենտի ներմուծման համար պետտուրք կիրոռելու որոշումը ու ԲՀԿ-ական պատգամավորի պնդումները՝ կիրառել պետտուրք նաև կլինկերի ներմուծման համար, ինչպես նաև՝ Ծառուկյանի մի շարք հրապարակային հայտարարությունները կրկին բարձրացրին իր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել-չզբաղվելու հարցը։ «ՔՈ» կուսակցությունը խնդրի շուրջ հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՔԾ, ԲՀԿ-ականները պնդում են, որ Ծառուկյանն ընդամենը խոշորսեփականատեր է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---