// IP Marketing video - START// IP Marketing video - END

Չինացիները պատրաստ են հայկական գինի ու կոնյակ ներմուծել և ՀՀ-ում վերելակների գործարան հիմնել

Չինացիները պատրաստ են հայկական գինի ու կոնյակ ներմուծել և ՀՀ-ում վերելակների գործարան հիմնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL-ի ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները: «Այսօր Հայաստանում կատարվում են լուրջ փոփոխություններ, մեր երկրում վերացված են համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը։

Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց գործունեությանը և հավելել, որ հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել մեր երկրում` ստեղծելով արդյունաբերական գոտի:

MZTL ընկերության ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:

Երևան վերադառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն: Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է:

 Ուշագրավ
Պատասխանելով ապագայում նոր հանդիպման մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «կոնկրետ պլաններ դեռ չկան»
Արցախի ԱԳՆ-ն նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել հակամարտության ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից
Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Նրանք ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին