Քոչարյան. Ծանոթ չէի 0038 հրամանին, տեսնելուց հետո պնդում եմ՝ ճիշտ էր

Քոչարյան. Ծանոթ չէի 0038 հրամանին, տեսնելուց հետո պնդում եմ՝ ճիշտ էր

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 16-ին դատարանում ելույթ է ունեցել, որում ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։

«Քանի որ ես ցուցմունք չեմ տվել, հիմա ուղղակի կներկայացնեմ այն, ինչ եղել է այդ շաբաթվա ընթացքում։ Ամբողջ քրեական գործը իրադարձությունների մասին է, որոնք ընթացել են փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը։ Ընտրություններից հետո անմիջապես 21.5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված թեկնածու է։ Իր իրավունքն է, կարող էր հայտարարել, բայց արդեն հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, և ամսի 20-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը սյուրպրիզ ունի, վաղվա հանրահավաքի ժամանակ հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում, ինքը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, և իրենք հայտնել են, որ միանում են ժողովրդին։ ժողովրդին ասելով նկատի ուներ հենց իրենց»,- ասել է Քոչարյանը։

Նա ասել է, որ այդ ժամանակ ինքը Մոսկվայում էր, և ամեն օր իրեն զանգում էր ԱԱԾ պետը, և չափազանց մեծ մտահոգություն կար, որ Երկրապահ կամավորական միությունում շուրջօրյա քննարկումներ են՝ հանրահավաքին միանալու մասին։

«Ես ընդհատել եմ իմ այցը և վերադարձել Երևան փետրվարի 22-ի ուշ երեկոյան։ Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե երբ ինձ զեկուցեցին, անվտանգության խորհրդի անդամներն ինձ դիմավորեցին, այդպես էր կարգն այն ժամանակ, զեկուցելուց հետո ես ցանկություն հայտնեցի հենց հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ նախագահական նստավայրում։ Եվ ասեմ՝ սա տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն է նախագահական նստավայրում բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հետ, դա սովորաբար ՊՆ-ում էինք անում»,- ասել է Քոչարյանը։

Նա ասել է, որ տեղեկություն է ստացել, բանակը, բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ։

«Ի՞նչ պիտի աներ Գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա, և այնպիսի հետևանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 23-ի։

Նա նաև նշել է, որ չի ասել՝ կոնկրետ ում կանչեն, ցանկ չի ներկայացրել։ Հանդիպումն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, տևել է 20 րոպեից ոչ ավելի, քննարկում չի եղել։

«Հիմա հետևյալն է։ Երկու հարցի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առաջինը, որ հասունանում էր հետքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ էր, մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում դեռ մինչև ընտրություններն ասում էին՝ մենք արդեն հաղթել ենք, և եթե մենք պարտվենք, ուրեմն ընտրությունները կեղծված են։ Ճանաչելով նաև անձանց, որոնք ներգրավված էին այս պրոցեսների մեջ, բավական մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետևանքերի բերել։ Մենք պետք է շատ զգույշ լինեինք, որովհետև հակառակորդը կարող էր ուղղակի օգտվել այս հանգամանքից։ Ես ինքս, ԼՂ-ում նախագահ լինելով, օգտվել եմ այն հանգամանքից, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում 93 թվականին, երբ քաղաքական ճգնաժամ էր Բաքվում, զորքերը սահմանից տեղափոխվել էին, և այդ ընթացքում մենք ազատագրել ենք երեք շրջան։ Այդքանը հիշողությանս մեջ ունենալով՝ ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք։ Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակը եղել է առաջին հերթին հենց այդ նպատակի համար»,- ասել է Քոչարյանը։

Քոչարյանի խոսքերով՝ մյուս խնդիրը Երկրապահ կամավորական միության հետ էր։

«Նրանց առաջ շատ հստակ է դրվել հարցը՝ կամ քաղաքական գործիչ եք, կամ զինվորական։ Այս երկու հարցը միմյանց հետ փոխկապակցված էր՝ բանակի պառակտում, որից կարող էր օգտվել հակառակորդը։ Այս երկու վտագը պետք էր միասնության մեջ դիտել։ Չանել այդ հանդիպումը, ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքները ծանր կլինեին։ Որևէ հանձնարարական՝ հրաման արձակել և այլն, չի եղել։ Ես երբեք չեմ ասել՝ ինչպես լուծել հարցը։ Ես նման աշխատաոճ չեմ ունեցել։ Դրել եմ խնդիր, իսկ թե ինչպես պետք է լուծել, դա իրենց՝ տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է։ Բոլոր նախարարների հետ ես այդպես եմ աշխատել։ Ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի հարցը»,- ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ նույն օրն այդ 0038 հրամանն է արձակվել:

«Դրան, ի դեպ, ծանոթացել եմ այս գործի շրջանակում։ Դրան ծանոթանալուց հետո, ես համոզվել եմ՝ դա ճիշտ ընդունված հրաման էր։ Կրկնում եմ՝ ես երբեք խնդիր չեմ դրել՝ ինչպես լուծել խնդիրը, երբեք գյուղնախարարին չեմ ասել՝ ինչպես լուծել, ասենք, ոռոգման խնդիրը։ Խնդիր է դրվել լուծել, չես լուծում, ուրեմն՝ հրաժարական։ Դրան ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ հրաման էր։ Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---