Դատախազը՝ Քոչարյանի թիմին. Եթե 2008-ին ՊՆ 2 տեղակալը քաղպրոցեսի մեջ էին, ինչո՞ւ նրանց դեմ քրգործ չկա

Դատախազը՝ Քոչարյանի թիմին. Եթե 2008-ին ՊՆ 2 տեղակալը քաղպրոցեսի մեջ էին, ինչո՞ւ նրանց դեմ քրգործ չկա

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանում հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. նա գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։

Գլխավոր դատախազն ասել է, որ պաշտպանական կողմը Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։

Դատախազի խոսքով՝ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձել են համատեքստից կտրված մեկնաբանել, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքը մի ամբողջ տրամաբանական շղթա է և այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելն ու իրավական փորձաքննության ենթարկելը չի բխում մեղադրանքի բովանդակությունից։

Գլխավոր դատախազը նկարագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն վերջինիս հետ։ Գործի քննության առարկան, ըստ դատախազի, 2008 թվականի փետրվարն է, երբ ձևավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։

Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաև քվերակության վիճարկումը վարչական և դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա, պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում։

«Փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՀ-ն չէր հրապարակել ընտրության պաշտոնական արդյունքները, երբ դեռ հրապարակում խաղաղ հավաք էր իրականացվում քաղաքացիների կողմից, հավաքի ոչ խաղաղ լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկար, որևէ մեկը կասկածի տակ չէր դրել դրա խաղաղ լինելու բնույթը: Այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանություն կրողը և Սահմանադրության երաշխավորը (Ռոբերտ Քոչարյանը,-խմբ.) ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ։ Սա մի գործողություն է, որն ուղղակի արգելվում է մայր օրենքով»,- հայտարարել է դատախազը, ապա մեջբերել է ՀՀ Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։

Նա նշել է, որ հենց այդ պահից, ըստ գործով ձեռք բերված տվյալների, զինված ուժերը բանակը ներգրավել են քաղաքական հարցերում:

«Կրկնում եմ՝ ընտրական գործընթացը դեռ չավարտած և որեւէ կերպ չվիճարկվող խաղաղ հավաքի պայմաններում։ Այս խորհրդակցությունից ժամեր անց ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել է հայտնի հրամանը»,- ասել է նա։

Արթուր Դավթյանի խոսքով՝ պաշտպանական կողմը պաշտպանության նախարարի հրամանի իրավաչափությունը մեկնաբանում է և պայմանավորում է պաշտպանության երկու նախկին փոխնախարարի՝ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տեղեկություններով:

«Այն, ինչ արել են երկու փոխնախարարը, առնվազն հանցագործություն էր, եթե ոչ հանցագործություն, ապա գոնե կարգապահական իրավախախտում էր հետապնդում, այսինքն, կամ նրանց գործողությունների փաստի առթիվ պետք է հարուցվեր քրեական գործ կամ պետք է կարգապահական վարույթ իրականացնվեր»,- ասել է նա՝ նշելով, որ քրեական գործով որևէ նման տվյալ ձեռք չի բերվել, որ այդ գործողություններին իրավաչափ արձագանք է դրսևորվել:

Ընթերցեք նաև՝ «ԳԴ-ն՝ 0038 հրամանի մասին. Ինչ կապ ուներ ընդդիմության ընտրությունների արդյունքը չընդունելը բանակի հետ»:

«Մարտի 1-ին ոչ պետական միջոցներից մոտ 120 մլն դրամ է բաժանվել Երևան բերված զինծառայողներին»:

Ավելի վաղ Քոչարյան դատարանում ելույթ է ունեցել, որում ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։

«Ընտրություններից հետո անմիջապես 21.5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված թեկնածու է։ Իր իրավունքն է, կարող էր հայտարարել, բայց արդեն հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, և ամսի 20-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը սյուրպրիզ ունի, վաղվա հանրահավաքի ժամանակ հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին։ Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, եթե չեմ սխալվում, ինքը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ, և իրենք հայտնել են, որ միանում են ժողովրդին։ ժողովրդին ասելով նկատի ուներ հենց իրենց»,- ասել է Քոչարյանը։

Նա ասել է, որ այդ ժամանակ ինքը Մոսկվայում էր, և ամեն օր իրեն զանգում էր ԱԱԾ պետը, և չափազանց մեծ մտահոգություն կար, որ Երկրապահ կամավորական միությունում շուրջօրյա քննարկումներ են՝ հանրահավաքին միանալու մասին։

«Ես ընդհատել եմ իմ այցը և վերադարձել Երևան փետրվարի 22-ի ուշ երեկոյան։ Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե երբ ինձ զեկուցեցին, անվտանգության խորհրդի անդամներն ինձ դիմավորեցին, այդպես էր կարգն այն ժամանակ, զեկուցելուց հետո ես ցանկություն հայտնեցի հենց հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ նախագահական նստավայրում։ Եվ ասեմ՝ սա տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն է նախագահական նստավայրում բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հետ, դա սովորաբար ՊՆ-ում էինք անում»,- ասել է Քոչարյանը։

Նա ասել է, որ տեղեկություն է ստացել, բանակը, բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ։

«Ի՞նչ պիտի աներ Գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա, և այնպիսի հետևանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 23-ի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---