Ստամբուլում Դինքին նվիրված հիշողության կենտրոն է բացվել

Ստամբուլում Դինքին նվիրված հիշողության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում իր դռներն է բացել «23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր» անվանումով կենտրոնը: 145քմ տարածք ընդգրկող հիշողության կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից:

Կենտոնը տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը, հայտնում է Ermenihaber-ը:

Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին, որ է եղել է նրա սպանության օրը՝ 2007թ. հունվարի 19-ին:

Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին: Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցների կողմից: Նշվում է, որ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ` աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար:

Հիշողության կենտրոնը համալրված 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակոս» թերթի մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով:

Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հայոց ցեղասպանության հարցում, հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---