Վարչապետ. Կարևորում եմ, որ այս փուլում ԱՆ-ը գլխավորի Բադասյանը

Վարչապետ. Կարևորում եմ, որ այս փուլում ԱՆ-ը գլխավորի Բադասյանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որ այս վճռական փուլում նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը նշել է, որ արդարադատության նախարարին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, որը նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասել է վարչապետը:

Նա նաև շնորհակալություն է հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին ու տեղեկացրեց, որ Զեյնալյանը Հայաստանում չէ ու այդ պատճառով էլ ներկա չէ այս հանդիպմանը։

«Պարոն Բադասյան, ինձ համար շատ կարևոր է նաև, որ պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի և համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և ընդհանրապես համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի: Այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություններ, որովհետև այս գործընթացի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 19-ին Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մինչև նշանակումը Ռուստամ Բադասյանը ՊԵԿ փոխնախագահն էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---