Հրանտ Դինքի որդին կարող է ազատազրկվել 1-5 տարով

Հրանտ Դինքի որդին կարող է ազատազրկվել 1-5 տարով

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման։ Արատ Դինքը մեղադրվում է ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության նպատակով, հայտնում է Ermenihaber-ը։

Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստին ներկա են եղել Արատ Դինքն ու նրա փաստաբանները։ Դինքի փաստաբանները նշել են, որ դատարանը անկախ և անկողմնակալ չէ, գործով վճիռն արդեն նախապես կայացված է, հետևաբար նրանք պահանջել են, որպեսզի գործով դատավորները ինքնաբացարկ հայտարարեն։ Միևնույն ժամանակ փաստաբանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ այդ պահանջը մերժվելու դեպքում՝ գործը միացնել նույն մեղադրանքով հարուցված մյուս գործերի հետ։

Դատարանը դատավորների ինքնաբացարկի պահանջը համարել է անհիմն, արդարացման պահանջի մասով սահմանել է, որ միայն դատավարությամբ կարելի է որոշել՝ կատարված գործողությունը հանցակազմ պարունակու՞մ է, թե ոչ։ Իսկ դատական գործերի միավորման պահանջը չի ընդունվել՝ այդ գործերով դատավարությունների՝ տարբեր փուլերում գտնվելու պատճառաբանությամբ։ Այսպիսով, Դինքի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ Դատարանը նաև արձանագրել է, որ արդեն ավարտված նմանատիպ գործերով դիմումներ են ներկայացվել Սահմանադրական դատարան, ուստի նպատակահարմար է համարել սպասել մինչև այդ դիմումների վերաբերյալ ՍԴ-ի վճռի հրապարակումը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը։

Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզարակացությամբ մեղադրանք է առաջադրվել 1,128 անձի, որոնց թվում՝ Արատ Դինքին՝ 2016թ․ հունվարի 11-ին հրապարակված «Ակադեմիկոսները՝ հանուն խաղաղության» ինչպես նաև «Մենք այս մեղքին հանցակից չենք լինի» անվամբ հայտնի հռչակագրերի տակ ստորագրելու համար: Ըստ մեղադրականի, այդ հռչակագրերում տեղ են գտել ՔԲԿ-ի քարոզչությանն ուղղված արտահայտություններ։

Ուշագրավ է, որ դատախազությունում իր ցուցմունքի ժամանակ Դինքը հայտարարել էր, որ եթե վերոնշյալ հռչակագրի տակ ստորագրելը հանցանք է, ուրեմն իրավապահ մարմինները պետք է նաև իր դեմ իրավական գործընթաց հարուցեն։ «Ես ինքս իմ դեմ բողոք եմ ներկայացնում։ Պահանջում եմ, որ իմ դեմ էլ անհրաժեշտ իրավական գործընթացներ հարուցվեն», - հայտարարել էր նա։

Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հայոց ցեղասպանության հարցում, հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---