Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում հաղթել է МINDERS թիմը

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում հաղթել է МINDERS թիմը

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամն է:

Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերեց Minders թիմը, որը ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը։ Թիմի անդամ երեխաները՝ Դավիթ Հակոբյանը, Դավիթ Լազյանը և Լևոն Ալեքսանյանը, կիսվում էին իրենց մարզչի՝ Դավիթ Մանուչարյանի հետ հույզերով, պատմում, թե ինչպես իրենց հաջողվեց հաղթահարել հուզմունքը, շտկել անճշտությունները և բարձր միավոր վաստակել։ «Այբ» կրթական հիմնադրամը բանակցություններ կվարի միջազգային կազմակերպչի հետ և կքննարկի Minders թիմի՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք միջազգային փուլին մասնակցության պայմանները։

Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցում էին 11 թիմեր, որոնք հավաքվել էին խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ պայքարում էին հաղթանակի համար։

Մրցույթի հաղթող թիմի գլխավոր մրցանակը տարեվերջին Հունգարիայում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցությունն էր։

«Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում և հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018թ-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 23,000 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարևոր հմտությունների ձևավորման շուրջ, ինչը շատ ուրախալի է և մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում: Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը:

Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անց է կացվում միջազգային ամենաբարձր մակարդակով, և հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաև միջազգային փուլին և հաջողություններ գրանցում միջազգային այս կարևոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգևորիչ է։ Այս մրցույթով մենք ուզում ենք նաև ասել, թե ինչու է կարևոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երևույթ, դեռ երկար տարիներ շատանալու է մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին և պատրաստ լինել աշխատել այս ուղղություններով», - նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Ռոբոտաշինության օլիմպիադային մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները (այդ թվում նաև STEM) ձևավորում են ապագա սթարթափերի ու նոր գաղափարների կրողներ, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար։ Միևնույն ժամանակ նման մրցույթներին մասնակցությունը ձևավորում է ստեղծագործ ու կոնստրուկտիվ մտածողություն, որի կիրառությանը մենք առնչվում ենք հատկապես սթարթափ նախագծերում​», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնում էին հետևյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ «Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:

Արդեն 15 տարի է, ինչ ՌՀՕ-ն կառուցում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթին, որ տեղի է ունեցել 2004 թ.-ին, մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Իսկ 2018 թվականին օլիմպիադայում ներգրավվել է 26,000 թիմ՝ շուրջ 70 երկրից։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---