// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարչապետ. Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն, այս խնդիրը պետք է լուծվի

Վարչապետ. Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն, այս խնդիրը պետք է լուծվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետև 1996 թվականից սկսած այն վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները և, ըստ էության, կար վստահության ճգնաժամ Սահմանադրական դատարանի նկատմամբ, ուստի, որոշվել էր ունենալ նոր Սահմանադրական դատարան:

Փաշինյանը նշել է , որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իրեն ուղղակի ցնցել է, որովհետև այդ նամակը կարդալով, հասկացել է, որ 2017 թվականի տրանսֆորմացիայի շրջանում կենտրոնացած լինելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, չեն նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում:

«2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը: Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի: Մենք պետք է ունենանք կառավարության, նախագահի , խորհրդարանի նոր ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև սահմանադրական տեքստի հեղինակները, ըստ էության, պնդում էին, որ նրանք գտել են, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում իդեալական Սահմանադրական դատարանը, որը պետք է համապատասխանի մեր այսօրվա գլոբալ կարիքներին: Հարց՝ ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը կհամապատասխանի այսօրվա գործող Սահմանադրության տեքստին: Մենք չունենք այդպիսի Սահմանադրական դատարան»,- հայտարարել է վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան Հայաստանը չի կարող ունենալ մինչև առնվազն 2030 թվականը:

«Մենք ունենք այնպիսի դրույթ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, որ չենք կարող կիրառել մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է սահմանադրական դատարանը: Մենք ունենք իրողություն՝ 2019 թվականի Հայաստան թե Սահմանադրության, թե հեղափոխության, թե ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան: Այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհած է Սահմանադրական դատարանը»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև չի բացառել սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը:

«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարևոր և արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել, և այսօր էլ չունենք: Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձևել այս սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն»,- ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից
Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները
Նրան կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով