Գոմի դռանը պայթուցիկ են դրել. Դուռը բացած սեփականատերը պայթյունից մահացել է

Գոմի դռանը պայթուցիկ են դրել. Դուռը բացած սեփականատերը պայթյունից մահացել է

PanARMENIAN.Net - Սիսիանում անհայտ անձը անասնագոմի դռանը պայթուցիկ սարք է տեղադրել. տարածքի սեփանակատերը անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ նախնական տվյալներով 2019 թվականի հուլիսի 18-ին անձը մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին:

Արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ