Հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը՝ հոկտեմբերի 5-9-ը

Հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը՝ հոկտեմբերի 5-9-ը

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 5-9` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային սրահի տարածքում:

Ցուցահանդեսը ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին: Ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հետ համատեղ։ WCIT 2019-ին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

Առաջին անգամ կգործի նաև հատուկ անվճար տրանսպորտ, որը քաղաքի տարբեր հատվածներից կիրականացնի ուղևորների տեղափոխում դեպի ԴիջիԹեք և հակառակ ուղղությամբ, հայտնում է ԱՏՁՄ մամուլի ծառայությունը

ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի: Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն: Ցուցահանդեսը լուսաբանվում է Հայաստանի առաջատար հեռուստա և ռադիոալիքների, ինչպես նաև էլեկտրոնային մամուլի և սոցիալական մեդիայի միջոցով:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի և ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսի կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։ Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---